"ՈՉ ԹԵ ԽՈՍՔԸ, ԱՅԼ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԽՈՍԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ"
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկ թատրոնի համար 2014-ը բեղմնավոր տարի է եղել, այդ մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ. "Տարվա ընթացքում Պարույր Սեւակի բանաստեղծությունների հիման վրա բեմադրեցի "Խաղում ենք Սեւակ" ներկայացումը: Այն Սեւակի պոեզիայով հագեցած 1 ժամ 10 րոպե տեւողությամբ ոչ թե ասմունք էր, այլ` բեմականացում:
Հետո թատրոնում բեմադրեցինք ֆրանսիական գործ` երիտասարդ ռեժիսորի կողմից, որտեղ նաեւ իմ մասնակցությունը կար` որպես գեղարվեստական ղեկավար: Ինչպես նաեւ տարվա ընթացքում ինքս բեմադրեցի 3 դերասանների հոբելյանական երեկոներ: Իսկ տարվա ավարտին` տոնական օրերին, խաղացինք "Կարմիր գլխարկի" մոտիվներով Ամանորի ներկայացումը",- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու կարեւորեց 2015-ի գործունեությունը. "Ամենակարեւորը` այս տարի իմ ուշք ու միտքը միայն Եղեռնի 100-րդ տարելիցին պատշաճ մոտենալն է, որ պետք է գործ անենք: Եթե կարողանամ գտնել եւ իրականացնել այն, ինչ մտածում եմ, ապա լավ կլինի: Դեռ չեմ կարողանում կողմնորոշվել, չեմ ուզում հենց այնպես պիես լինի, այ, օրինակ` Փարաջանովի ոճի մեջ այնպիսի մի գործ լինի, որտեղ ցուցադրես ներկայացումը, բոլոր ազգերը հասկանան, որ դա մեզ հետ է կապված: Ոչ թե խոսքը` այլ պատկերները խոսեն Ցեղասպանության մասին: Եթե այդպիսի մի գործ կարողանամ ստեղծել, դա կլինի իմ ամենամեծ գործը: Նույնիսկ, եթե այս տարի ոչ մի գործ էլ չբեմադրեմ, կհամարեմ, որ մինչեւ այսօր իսկապես ճիշտ եմ ապրել": Հ. Մնացականյանը խոր վշտով խոսելով Գյումրիում կատարված իրադարձությունների մասին` ասաց, որ համոզված է, որ երբ մի մարդու նման համախմբված լինենք, բոլոր դժվարությունները հաղթահարված կլինեն. "Անդրանիկը գաղթի ժամանակ գաղթականներին ասաց` գալիս եք մեզ հետ, մենք ձեզ պետք է տանենք, մենակ թե իմացե՛ք, եթե պիտի դժգոհներ լինեն` կես ճանապարհին, հիմիկվանից հեռացե՛ք մեզանից, որովհետեւ մենք ձեր պատճառով ավելի շատ ենք տուժելու... Ուզում եմ, որ բոլորս հոգով զինված լինենք, մի մարդու պես, եւ բոլոր դժվարությունները կհաղթահարենք, վստահ եմ":