ԱՄԵՆԱՓՈՇՈՏ ՈՒ ԿԵՂՏՈՏ ՇՐՋԱՆԸ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
Արխիվ 12-16ԱՄԵՆԱՓՈՇՈՏ ՈՒ ԿԵՂՏՈՏ ՇՐՋԱՆԸ
ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
Դեռեւս շարունակվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ինչ-ինչ պատճառներով ձգձգվող վերանորոգման աշխատանքները, սակայն թանգարանի աշխատակիցները անգործ չեն մնում` ամենուր հնչեցնելով Սարյանի անունն ու ներկայացնելով նրա գլուխգործոցները: Այս, ինչպես նաեւ վերջերս նկատվող հայ-ռուսական մշակութային հարաբերությունների ակտիվացման մասին «Իրավունքը» զրուցեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի ՌՈՒԶԱՆ ՍԱՐՅԱՆԻ հետ:
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
ՍԱՐՅԱՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԱՐՈՒՍՏ ԷՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ»
-Տիկին Սարյան, վերջերս տեղի ունեցավ «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները, Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողով: Արդյո՞ք կարող ենք ասել, որ «սայլը տեղից շարժվում է» ու սերտանում են հայ-ռուսական մշակութային հարաբերությունները:
- Նախեւառաջ տարբեր ուղղություններով մենք Ռուսաստանի եւ ռուսական թանգարանների հետ պիտի համագործակցենք, որովհետեւ այնտեղ ունենք Հայաստանին վերաբերող շատ մեծ քանակությամբ նյութեր: Մեր մշակութային ճիշտ քաղաքականությունից է կախված նաեւ, որ այդ նյութերը ֆոնդադարաններից մերթընդմերթ հայտնվեն նաեւ ցուցադրություններում: Մեր իներտ վերաբերմունքն այդ հարցին շատ վատ հետեւանքներ ունի, սակայն հիմա սկսում ենք վերականգնել այն համագործակցությունը, այն կապերը, որոնք կային սովետական տարիներին, եւ դա ճիշտ է ու ողջունելի: Հենց ելնելով Սարյան մեծ վարպետի հետ կապված խնդրից, պիտի ասեմ, որ ամենահայտնի ռուսական թանգարաններում կան նրա գործերի մեծ հավաքածուներ: Ռուսաստանում չկա քիչ թե շատ հայտնի մի թանգարան, որ չունենա Սարյանի գործերը, եւ եթե սովետական տարիներին Սարյանը շատ ավելի հարուստ էր ներկայացված, հիմա ունենք խնդիր, քանի որ ռուսական թանգարանում ես չեմ տեսնում Սարյանի գործերը` չնայած, որ այնտեղ կան վարպետի գլուխգործոցներից: Վերադառնալով Ձեր հարցին` պետք է նշեմ, որ իհարկե, այսպիսի համաժողովները պետք է օգնեն` այդ ամենը կարգավորելուն, շտկելուն, հարաբերությունները սերտացնելուն: Ընդհանրապես, մշակույթը հաղորդակից անոթների պես պետք է աշխատի, որովհետեւ հնարավոր չէ մշակութային մեկուսացում, եւ հիմա դա արդեն անցած էտապ է: Այնպես որ, այսօր տեսնում ենք երկուստեք տարվող մշակութային քաղաքականություն` ՀՀ մշակույթի եւ ՌԴ մշակույթի նախարարությունների միջեւ: Փառք Աստծո, հայ-ռուսական մշակութային սառույցը կոտրված է: Ըստ Էության, վերագտանք իրար, եւ պետք է ջանք չխնայել այդ կապերը զարգացնելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԵՄ ԳՆԱԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»
-Այսօր մեծ ուշադրություն է դարձվում թանգարանների թվայնացման գործընթացին: Ըստ Ձեզ, արդյո՞ք սա իրենից վտանգ չի ներկայացնում, որ համացանցը կփոխարինի թանգարանի հետ իրական շփմանը:
- Չեմ կարծում, որովհետեւ ամեն թանգարան ունի իր անկրկնելի մթնոլորտը: Բոլոր հայտնի թանգարանները` Լուվրից սկսած, ներկայացված են համացանցում, բայց մի՞թե կարող է Լուվրի այցելությունը փոխարինել համացանցում թերթելով համապատասխան էջերը` չեմ կարծում: Այսինքն` պետք է լրիվ թանգարանից, մշակույթից կտրված մարդիկ լինեն այդպիսիները: Եթե դրանով են բավարարվում, դա իրենց խնդիրն է, բայց չեմ կարծում, որ մեկը մյուսին կարող է խանգարել: Դա նույնն է, ինչ գրականությունը, գիրքը, որը կարող է ոմանց համար փոխարինվել էլեկտրոնային գրքերով, բայց կա նաեւ այն անգերազանցելի հաճույքը, երբ մարդ զգում է` թերթելով գիրքը` ձեռքի մեջ պահած: Այնպես որ, ժամանակին դեմ գնալ չենք կարող, պետք է ե՛ւ այն լինի, ե՛ւ այն:
- Ի դեպ, աշխարհում, այդ թվում Ռուսաստանում այսօր լուրջ ուշադրություն է դարձվում նաեւ թանգարանային միջավայրին: Հայաստանում երբեւէ կգա՞ մի օր, որ մենք էլ կարողանանք խոսել այդ մասին` ունենալով գոնե մի քանի օրինակներ:
- Կարող ենք եւ պետք է խոսենք ու պետք է դրան հասնենք: Մանավանդ մեր թանգարանի հետ կապված, ինչպես գիտեք, հիմա վերանորոգման փուլում ենք եւ արդյունքում ուզում ենք ունենալ այդ միջավայրը, որովհետեւ հենց թանգարանի շուրջն է գտնվում վարպետի այգին: Եվ դա իսկապես պետք է կարգի բերել ու դարձնել այն անկրկնելի միջավայրը, որը տիրում էր Սարյանի կենդանության օրոք: Այսինքն` ծրագրերը շատ են, կարեւորը` առողջությունն ու կյանքը թույլ տա այդ ամենն իրականացնել:
«ՍԱՐՅԱՆ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ՈՉ ՇՈՒՏ ՔԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ»
-Իսկ ե՞րբ կավարտվի տուն-թանգարանի վերանորոգումը:
- Երբեմն շտապողականությունը լավ բան չէ: Մենք ունեցանք շինարարության առաջին եւ երկրորդ փուլ: Առաջինն ավարտված է (թանգարանային շենքի հատվածը), բայց մենք չենք կարող մտածել արդեն ավարտված թանգարանային մասի ցուցադրության մասին, փակցնել նկարներ, որովհետեւ սկսված է երկրորդ փուլը` հուշանմուշների մասի վերանորոգումը: Ամբողջ շենքն այնպիսի փոշու մեջ է, որ չենք կարող մի մասն ավարտելով` բացել թանգարանը, հետո անդրադառնալ մյուս մասին: Եվ պիտի խնդրեմ ՀՀ մշակույթի նախարարությանը, որ ամբողջ համալիրի շինարարությունը միանգամից ավարտվի, ապա նոր տեղի ունենա ցուցադրության բացումը:
- Այնուամենայնիվ, կոնկրետ ի՞նչ ժամկետներում եք պատկերացնում դա:
- Իրատեսական լինելով` ինձ թվում է` ոչ շուտ քան 2015 թվականի վերջ կամ գուցե ճիշտ կլինի 2016 թվականի փետրվարը: Ուզում էինք 2014-ին` Մ. Սարյանի ծննդյան 135-ամյակին բացումն անել, բայց չստացվեց, չհասցրեցինք, քանի որ շինարարական աշխատանքների ամենափոշոտ ու կեղտոտ շրջանը տուն-թանգարանում դեռ նոր է սկսվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

