"ՆՐԱ ՆՄԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՊԵՏՔ Է ՏԵՂ ՉԼԻՆԻ"
"Ես կողմ եմ, որ այդ ոչնչություն Պերմյակովին դատեն մեր օրենքներով, բայց պատիժը կրի Ռուսաստանում. չէի ցանկանա, որ ոճրագործը գտնվեր մեր տարածքում",- մեզ հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում կատարած ոճրագործության դերակատարի պատիժը Հայաստանում կրելու հարցին, ասաց գեներալ-լեյտենանտ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ` Կոմանդոսը:
Ինչ վերաբերում է ոճրագործի նկարագրին, ապա, ըստ Կոմանդոսի. "Նրան նույնիսկ անասունի հետ համեմատելն է շատ, նա հոգեկան շեղված գազան է, ով դաստիարակվել է աղանդավորական ընտանիքում: Դաստիարակվել է ոչ թե որպես մարդկային արարած, այլ` հրեշ, ով ունակ է գազանաբար սպանել իրեն ոչինչ չարած, անմեղ մարդկանց: Ինձ համար նույնիսկ զզվելի է նրան տեսնելը, ուր մնաց, թե նա մնա այստեղ, եւ նրան կերակրեն, պահեն հայերը: Նրա նման ոչնչություններին այս աշխարհում պետք է տեղ չլինի": Գեներալը չի կիսում այն տարածված տեսակետները, որ հնարավոր է` Պերմյակովը թուրքերի թելադրանքով է առաջնորդվել. "Չեմ բացառում, բայց ես կողմնակից չեմ այդ վարկածին":