"ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ` ԹՈՂ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ԷԼ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՎԱՐՎԵԻՆ"
Արխիվ 12-16"ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ`
ԹՈՂ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ԷԼ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՎԱՐՎԵԻՆ"
"Իրավունքը" Գյումրու ողբերգական դեպքի մասին հարցազրույց ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Պարոն Հարությունյան, ճի՞շտ եք համարում արդյոք այն, որ Գյումրիի ողբերգական դեպքերի հետ կապված` երկու երկրների իրավապահներն են գործը քննում: Որքանո՞վ այն կազդի գործի օբյեկտիվ քննության վրա:
- Ես կարծում եմ` այն արձագանքը, որը եղավ թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Հայաստանում, բերելու է նրան, որ այդ գործն ամբողջովին բացահայտվի, եւ հանցագործը պատժվի ամենախիստ ձեւով:
Ինչ վերաբերում է համատեղ քննությանը, ապա դա բնական է, որովհետեւ նախ` մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է ոճրագործը լքել զորամասը, որից էլ կբխի նրա սպանություն կատարելու դրդապատճառը: Այս հարցերը իրար հետ շաղկապված են: Նորից եմ ասում, ես համոզված եմ, որ Պերմյակովը ստանալու է ամենախիստ պատիժը:
- Ի՞նչ եք կարծում, ի վերջո որտե՞ղ նա կկրի իր արժանի պատիժը, քանի որ հենց այդ հարցն է հիմա ամենաշատը հուզում հայ հասարակությանը, թե՞ դա էական չէ:
- Իհարկե էական է, եւ բնական է հասարակության եւ զոհվածների հարազատների ցանկությունը, պահանջը: Նրանք ցանկանում են, որ դատավարությունն ընթանա իրենց ներկայությամբ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Իսկ սա անհասկանալի հանցագործություն է թե՛ հայաստանյան եւ թե՛ ռուսաստանյան հասարակության համար: Նույնիսկ հանցագործի տրամաբանության մեջ չի հասկացվում, թե ի՞նչ էր դա ի վերջո: Կարծում եմ` բնական է, որ նա պատիժը կրի այստեղ: Սա անշուշտ խորքային հարց է, եւ ժամանակի ընթացքում կտրվեն բոլոր պատասխանները:
- Այս օրերին թե՛ համացանցը եւ թե՛ որոշ լրատվամիջոցներ, նաեւ` պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սկսեցին քննադատել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցությունն ուշացած էր` հերիք չէ, նա հեռախոսազրույցի ժամանակ է այն արտահայտել: Ի՞նչ կասեք այս առումով:
- Այո, որոշ մարդիկ սա փորձում են օգտագործել եւ հակառուսական տրամադրություններ առաջացնել երկրում: Ես նրանց կոչ կանեի, որ նման գնահատականներ հնչեցնելուց առաջ, թող այդ նույն հայտարարություններով կամ մոտեցումներով հանդես գային այլ պետությունների ղեկավարների նկատմամբ, եւ ասեին, թե որ պարագայում, ինչպես են վարվել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանց արձագանքը եղել է արագ, ադեկվատ, եւ հիմա փորձել փնտրել, թե որ պարագայում ինչն է սխալ արվել, դա ուղղակի հետապնդում է մի խնդիր` հայ-ռուսական հարաբերությունների վատացում եւ ռուսական ռազմաբազայի` Հայաստանից դուրսբերում:
- Իսկ գյումրեցիների այդ կարգի բորբոքվածությունը ադեկվատ համարո՞ւմ եք:
- Գյումրեցիների վրդովմունքը տեղին է, բայց այդ կարգի իրավիճակին նրանց դրդել են: Գյումրեցիների արձագանքից երեւում էր, որ տեղացիներից այդ բողոքի ակցիային քչերն են մասնակցել: Անգամ այդ մասին խոսեցին զոհվածների հարազատները, մի շարք մտավորականներ: Սա ակնհայտ է, որ օգտագործելով այդ իրական եւ բնական լարվածությունը, ժողովրդին տարան ռուսական ռազմաբազայի մոտ: Բայց այդ կազմակերպիչները, ովքեր հիմա պատվեր են կատարում, շատ լավ հասկանում են ու գիտեն, թե ինչ է արել այդ ռազմաբազան պատերազմի ժամանակ, դրանից հետո ինչ հարցեր է լուծել եւ շարունակում է լուծել այս լարված միջազգային հարաբերություններում: Իսկ հասարակ մարդիկ դա այդքան էլ չեն ընկալում հիմա: Պետք է գիտակցել, որ այդ ողբերգությունը ոչ միայն մեզ կամ Ռուսաստանին է վերաբերում, այլ երկու երկրներին միասին: Սա փորձանք էր երկու պետությունների համար, իսկ հիմա պետք է առավել ուշադիր լինել` չվնասելով, չխանգարելով այս գործին: Բացի այդ` պետք է հաշվի առնել, որ այդ ռազմաբազայում ծառայում եւ աշխատում են հարյուրավոր հայ զինվորներ, դրա համար պետք չի տարանջատել գործը, եւ պետք է ավելի սթափ լինել:
- Վերջին շրջանում նաեւ ավելացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում: Որեւէ կապ տեսնո՞ւմ եք Գյումրու դեպքերի հետ:
- Ոչ, ես կապ չեմ տեսնում: Գյումրիում տեղի ունեցածը քրեական հանցագործություն է, իսկ սահմանում տեղի ունեցածը կապված է ռուս-արեւմտյան ընդհանուր լարվածության հետ, որից օգտվում է Ադրբեջանը` լավ հասկանալով, որ Ռուսաստանը հիմա գտնվում է բարդ իրավիճակում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

