«ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ԷԼ Է ՄԵՐԸ, ԵՌԱԳՈՒՅՆՆ ԷԼ Է ՄԵՐԸ»
Արխիվ 12-16«ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ԷԼ Է ՄԵՐԸ, ԵՌԱԳՈՒՅՆՆ ԷԼ Է ՄԵՐԸ»
Արի ու տես, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են թույլ չտալ ծածանել եռագույն դրոշը` ՀՀ տարածքի այս կամ այն վայրում: Այսպիսի միջադեպ էր տեղի ունեցել կիրակի օրը Կասկադում` "Տիգրան Մեծ" բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, ֆոտոլրագրող, ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանի եւ Կասկադի անվտանգության աշխատակիցների միջեւ:
Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ս. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ. «Ես այստեղ երկու զույգ եղբայրների հետ էի եկել, որպեսզի դրոշի ֆոնին կրծքանշաններ բաժանենք եւ հայտարարենք, որ վաղը լրանում է ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցը, բայց անգամ թույլ չտվեցին եռագույն դրոշ բարձրացնենք ու նկարվենք: Նույնիսկ խնդրեցի, որ ծառերի ֆոնին կանգնենք ու դրոշը
ծածանենք, բայց իրենք ասացին, որ թույլ չի տրվում այստեղ եռագույն բարձրացնել»: Տեղի ունեցածը կարճ ժամանակ անց մեծ արձագանք գտավ, եւ Մ.Գորգիսյանի ընտանիքն ու տասնյակ մարդիկ որոշեցին հաջորդ օրն ակցիա անցկացնել հենց Կասկադում` ծածանելով ՀՀ ազատ ու անկախ եռագույն դրոշը ու շրջելով ողջ տարածքում` հարյուրավոր լուսանկարներ անել: Հենց ակցիայի ժամանակ միջադեպի մասին «Իրավունքը» զրուցեց Մ. Գորգիսյանի այրու` տիկին ՌՈՒԶԱՆՆԱ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հետ. «Կուզեի այդ միջադեպը դիտարկել` որպես թյուրիմացություն կամ կրթության ու դաստիարակության բացակայություն, եւ իրապես կուզեի, որ այդպես լիներ: Փորձում եմ ներողամտորեն մոտենալ անվտանգության այդ աշխատակիցներին: Թող ներող լինեն, բայց պիտի
հասկանան, որ այս երկիրն էլ է մերը, եռագույնն էլ է մերը: Եռագույնը պիտի ծածանվի Հայաստանի բոլոր ծայրերում»: Անդրադառնալով ակցիային` տիկին Գորգիսյանը հավելեց. «Եվ դա է պատճառը, որ մենք այսօր եկել ենք այստեղ եւ ի ցույց բոլորի ուզում ենք ապացուցել, որ ամենուր կարող ենք ծածանել եռագույնը: Փառք Աստծո, որ անվտանգության նոր աշխատակիցները նորմալ ընկալեցին ու ընդունեցին ակցիան: Կարծում եմ` իրենք հասկացել են իրենց սխալը եւ պիտի ներողամիտ լինել: Բայց բոլոր դեպքերում, վստահորեն կրկնում եմ, որ կրթության եւ դաստիարակման խնդիր է սա, ընդ որում, նաեւ պետական մակարդակի` սկսած ընտանիքից, դպրոցից, հասարակությունից: Չեմ ուզում ասել, որ նրանք պակաս հայրենասեր տղաներ են, կամ վատ տղաներ են... Ուղղակի, շատ կուզենայի, որ բոլոր դեպքերում փորձեին իրենց սխալը շտկել: Իհարկե, սխալն արդեն շտկված է, որովհետեւ մենք այսօր եռագույնը ծածանելով` քայլում ենք Կասկադի այգում: Եվ կարծում եմ` իրենք էլ հասկացել են, որ իրենց մոտեցումը ճիշտ չէր»:
Իսկ մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ սա իսկապես դաս կլինի ապազգային տարրերի համար, եւ այլեւս որեւէ մի հայ` լինի անվտանգության աշխատակից, թե մասնավոր կենտրոնի տնօրեն, չի համարձակվի արգելել ծածանել եռագույնը: Ի վերջո, ազգի դավաճան է նա, ով իր երկրի սրտում արգելում է ծածանել ազգային խորհրդանիշը` եռագույնը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

