"ՑԵԽ ՇՊՐՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՋՈՒՐ ԼՑՆԵԼ ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՋՐԱՂԱՑԻՆ"
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Մհեր Շահգելդյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում Ռուսաստանի հայերի միության նախագահը (ՌՀՄ)-ի դեմ սկսված ստորագրահավաքին: Մհեր Շահգելդյանն ասաց, որ ստորագրահավաքի նախաձեռնողներն անհայտ մարդիկ են: "Ժողովրդական լեզվով ասած` չուզողներ միշտ լինում են:
Այսօր ցեխ շպրտել Ռուսաստանի հայերի միության վրա, որն աշխատում է 2,5 միլիոն հայերի հետ, նշանակում է ջուր լցնել մեր հակառակորդի ջրաղացին",- ասաց պրն Շահգելդյանը: Ըստ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի` նման ստորագրահավաք նախաձեռնողները թող գնան ու փորձեն ինչ-որ բան անել: "Չնայած համոզված եմ, որ խոսողները ոչինչ անող չեն",- ասաց Շահգելդյանը, ով չի ցանկանում ենթադրություններ անել եւ ասել` ով է նախաձեռնել ստորագրահավաքը: Մեր զրուցակիցը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե ՌՀՄ-ի ներսում տարաձայնություններ կան, կամ իբրեւ կան անդամներ, որոնք դժգոհ են Արա Աբրահամյանի ղեկավարումից. "ՌՀՄ-ի ղեկավարության, հայ համայնքի ակտիվ հատվածում նման խնդիրներ չկան":