ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Թե ինչ է տեղի ունենում վերջին մեկ շաբաթվա ընթացքում` զարմանալի ճշգրտությամբ ներկայացրել է պահեստազորի կապիտան, Շուշիի ազատագրման մասնակից ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ. "Հոգեբանական, տեղեկատվական ու քարոզչական պատերազմը սկսված է: Սկսել է գործել գիտակցության պլանավորված փոփոխության ծրագիրը: Ռուս զինվորից կերտվում է թուրք-ասկյարի կերպար... Կցանկանայի գտնեին նրանց, ովքեր եռասերունդ հայ ընտանիքի սպանդը սառնասրտորեն հաշվարկել ու նախագծել էին: Տղերք, դիրքապահ տղերք, զգոն ու սթափ եղեք, ձեր ջանին մատաղ...": Դե ինչ, ավելացնելու բան չկա: Իզուր չէ, որ մի ամբողջ քարոզչամեքենա գրեթե 2 տարի հետեւողականորեն շրջանառության մեջ էր դնում "ռուսուլման" եւ "սպիտակ թուրքեր" տերմինները` ձգտելով մարդկանց ականջը դրանց սովորեցնել: Դե, իսկ "նյութականացումը" կազմակերպվեց մեկ շաբաթ առաջ...
Իսկ թե իրականում ովքեր են "սպիտակ թուրք"` ամբողջական պատկերը պարզ կլինի ապրիլի 24-ին, եւ վերջնական կերեւա, թե որ երկրների ղեկավարները կընդունեն Էրդողանի հրավերը` մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի "տոնակատարությանը": Օրինակ, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարծում է, որ Օլանդն ու Օբաման չեն մասնակցի: Հուսանք, թե այդպես է, սակայն այսօր իսկ զարմանալիորեն շուտ պարզ դարձավ, որ "սպիտակ թուրք" տերմինը թերեւս լավ է սազում բրիտանացիներին: Այսպես, ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԸ, ով արդեն իսկ հայտարարել է այդ պիղծ եւ ցինիկ "տոնին" մասնակցելու մասին, հաստատ կարող է համարվել "սպիտակ թուրք"` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Մեր հարեւան մազութային սուլթանատի թուրքերը` վկայակոչելով իբր թե ՌԴ քննչական կոմիտեն, իրենց մամուլով տարածել են լուր, իբր ՎԱԼԵՐԻ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ցուցմունք է տվել, որ իր արածը վենդետա է, քանի որ ինքը իբր ԽՍՀՄ առաջին սերիական մարդասպան Վլադիմիր Իոնեսյանի զոհերից մեկի ազգականն է: Սուտ է, այն էլ երկարականջ ու չափազանց պարզունակ: Որ թուրքերն են նման բան տարածում, դա օրինաչափ է, սակայն զարմանալի է, նույնիսկ ապշեցուցիչ, որ հայկական ազգանուններ կրող հայախոս որոշ արարածներ են տիրաժավորում թուրքի սարքած այդ սուտը: Այնպես որ, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ ամեն մի հայախոսը դեռեւս հայ չէ: Եվ հարցական է, այդպիսի հայախոսնե՞րն են ավելի վտանգավոր, թե իրական թուրքերը:
Ի դեպ, եւս մեկ զարմանալի լրատվական տականքություն հայտնվեց համացանցում, հենց որ տարածվեց լուրը Սերյոժա Ավետիսյանի մահվան վերաբերյալ: "Ֆեյսբուքը" ողողվեց մի տեսանյութով, ուր մթան մեջ ինչ-որ մեկին բռնած քարշ են տալիս, եւ նա գոռալով օգնություն է կանչում: Ու դրան հետեւում են այսպիսի մեկնաբանություններ. "Երեւանի կենտրոնում էլի մարդաորս է: Քաղաքացիական հագուստով մարդիկ` առանց ներկայանալու առեւանգում են մարդկանց եւ տանում անհայտ ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, դրանք օլիգարխների թիկնապահ-բաշիբոզուկներն են, որոնց հրահանգ է տրվել սարսափ տարածել քաղաքում: Ոստիկանները նման դեպքում կույր ու խուլ են: Ժողովուրդը պետք է օգտվի ինքնապաշտպանության իր իրավունքից": Բայց իրականում դա ամենադավաճանական լրատվական կայքերից մեկի` հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը "Յութուբ" գցած տեսանյութը, որը պատկերում է Ազատության հրապարակից այդտեղ հավաքվածներից մեկի` ոստիկանություն բերման ենթարկելու դրվագը: Անհապաղ դա որպես լուր չեն տվել, այլ "պահեստավորել", որպեսզի սադրիչ նպատակներով տարածեն "հարմար" պահի: Դե արի ու այս լեշակերներին մի հիշատակիր իմացածդ բոլոր լեզուների ամենաթունդ հիշոցներով: Կարծում ենք, որ այդպիսի տեղեկատվական այլանդակություններ արտադրող եւ տարածողներով վերջապես պետք է զբաղվեն իրավապահները:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

