Այսօր "Ազդակ" լրագրողական ակումբում կկայանա կլոր սեղան-քննարկում "Կրոնական անհանդուրժողականության աճը աշխարհում եւ դրա հետեւանքները հայ իրականության վրա" թեմայով, որի բանախոսներն են լինելու Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը ու Քայքայիչ պաշտամունքից տուժածների եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Ի դեպ, "Իրավունքը" անկախ նրանից, որ Երեւանի Ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանը դիմել է դատարան հայցով` ընդդեմ "Իրավունք" թերթի եւ թերթի լրագրողի, մեծահոգաբար նաեւ նրան էր հրավիրել կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու: Սակայն, երկար բանակցություններից հետո Լ.Բարդակչյանի գրասենյակից մեզ փոխանցեցին հետեւյալը. "Ճիշտն ասած, նա համաձայն չէ, որ ուղիղ եթեր չլինի, քննարկումն ավելի նախընտրում է, որ ուղիղ եթերով լինի: Եթե կկազմակերպվի այդ ձեւաչափով, մեծ սիրով կմասնակցի": Հիշեցնենք, որ Լ. Բարդակչյանը պահանջում է "Իրավունքից"` ներողություն խնդրել հոդվածում հրապարակված "Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն" նախադասության համար, քանի որ, ըստ նրա, "նողկալի" բառով ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, ավելին` վերջինս "Իրավունք" մեդիա ՍՊԸ-ից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել մեկ միլիոն դրամ: Ինչեւէ, ուշագրավ է այն, որ իրեն հոգեւոր գործիչ համարող այս անձնավորությունը երբեմն-երբեմն խոսում է քրիստոնեական եղբայրության ու հանդուրժողականության մասին, մինչդեռ նրա քայլերը բոլորովին այլ բան են ապացուցում: