ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ
Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամը` 7 ամսական Սերյոժա Ավետիսյանը, մահացավ հանցագործությունից 7 օր անց: Ցավակցում ենք ինչպես այդ բազմաչարչար գերդաստանին, այնպես էլ բոլոր սրտացավ հայերին: Բայց այս ընթացքում էլի զոհեր եղան: Հենց օրերս զինծառայող զոհվեց: Արտաքին թշնամին քնած չէ, ՊՆ հաղորդագրություններում միջադեպից միջադեպ հիշատակվում են ավելի ու ավելի ծանր զինատեսակներ:Ու թեեւ հանրության ուշադրության կենտրոնում հենց Գյումրվա ողբերգությունն է, սահմանի վրա կրկնվող դիվերսիաները հուշում են, որ երկրի եւ ամբողջ տարածաշրջանի կայունությունը մազութային սուլթանատի ձեռքերով խափանելը մնում է աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների օրակարգում:
ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԴԵՌ ԿԱ
Առկա աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտության պայմաններում սրվում են բոլոր հարցերը: Այսպես, Էրդողանի ցինիկ հրավերը 102 պետությունների, այդ թվում եւ Հայաստանի ղեկավարներին ապրիլի 24-ին գալ Թուրքիա, ճակատամարտերից մեկի 100-ամյակին, միանգամից ստեղծեց ջրբաժան` ապրիլի 24-ին ո՞ր պետությունների ղեկավարները կգան Հայաստան, իսկ ովքեր` Թուրքիա: Դա, բնականաբար, որոշակի շտկումներ կմտցնի ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, ու նաեւ թելադրում է բավականին լարված աշխատանք` դիվանագիտական ճակատում` մինչեւ ապրիլի 24-ը: Անշուշտ, Սերժ Սարգսյանի կոշտ պատասխանը Էրդողանին դրականորեն ընկալվեց հանրության կողմից եւ վստահության լրացուցիչ պաշար ստեղծեց, բայց չմոռանանք, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության փաստից, մեղմ ասած, ոգեւորված չէ "քեռի Սեմը", եւ միամտություն կլինի կարծել, որ նա կհրաժարվի ներքին խառնակչություն իրականացնելու իր մտադրությունից:
Հունվարի 15-ին Գյումրիում Մայդանի անհաջող փորձ տեղի ունեցավ, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ շարունակություն կլիներ, եթե գազազած ժողովուրդը հանկարծ կարողանար ներխուժել 102-րդ ռազմաբազա կամ ռուսական հյուպատոսարան: Բարեբախտաբար, պրծանք առանց զոհերի: Սակայն ամեն մի առիթով իրավիճակը սրելու ձգտումները շարունակաբար երեւում են:
Այսպես, երկու զինծառայողի` հարբած վիճակում փողոցում զմիմյանս դնգստելու եւ այնուհետ ոստիկանության կողմից հրամանատարությանը հանձնվելու աննշան եղած կամ չեղած միջադեպի շուրջ տարածվեցին տագնապեցնող եւ հրահրիչ կոչեր` ընդհուպ ոստիկանության եւ քաղաքացիական կամավորների կողմից փողոցների պարեկումն ապահովելը: Ոստիկանությունն էլ ոչ լավագույնս իրեն դրսեւորեց` պաշտոնապես ժխտելով անգամ այդ աննշան միջադեպի գոյությունը, եւ եթե հանկարծ հակառակն ապացուցող կոնկրետ փաստեր ի հայտ գան, դա դժվար է անվանել վստահություն ավելացնող գործոն:
Իսկ 7 ամսական փոքրիկի մահը կարող է նոր բռնկումների կայծ դառնալ, եւ իզուր չէ, որ ոստիկանությունը շտապեց ոստիկանական զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Գյումրի: Դա այն դեպքում, երբ ապահովության որեւէ միջոց ավելորդ չէ: Առավել եւս, որ նոր ողբերգական մահը կրկին օգտագործվեց քարոզիչների կողմից` որոշ կայքերում ու մանավանդ "Ֆեյսբուքում" հիսթերիայի նոր ալիք բարձրացնելու համար: Իսկ այս դեպքում գործող անձանց բարոյական արգելակների մասին խոսելը, մեղմ ասած, ավելորդ է:
Գումարած դրան հարցական է, թե ԲՀԿ առաջնորդի կողմից շքեղ հյուրանոցում այսօր հրավիրված խորհրդաժողովն ի՞նչ ընթացք կունենա, եւ այդտեղի որոշումները ի՞նչ ազդեցություն կունենան հանրային տրամադրությունների վրա... Հուսանք, որ, այնուամենայնիվ, մասնակից քաղաքական գործիչները ողջամտություն կդրսեւորեն:
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Սակայն վերադառնանք Սերյոժա Ավետիսյանին: Այն, որ նա ողջ էր մնացել այդպիսի ահավոր վերքերից հետո, կարծես թե հուշում էր, որ ճակատագրով պետք է նախասահմանված լիներ ապրելը: Սովորաբար այդ դեպքերում վճռորոշ են լինում առաջին ժամերը, բայց արի ու տես, որ 7 օր անց, երբ հայ բժիշկներին միացան նաեւ ռուս գործընկերները, երբ ՌԴ նախագահը պատրաստ էր բժշկական օդանավ ուղարկել, փոքրիկը մահացավ:
Արդյո՞ք դա յուրահատուկ նախանշան չէր, որ առկա էր որոշակի շանս` դառնալ մի փոքր ավելի անկեղծ ու բարի, ու արդյո՞ք այդ մահը մի տեսակ զգուշացում չէ, որ շատ-շատերը` հասարակ մարդկանցով սկսած, բարձր դիրք զբաղեցնողներով վերջացրած, չափազանց շատ են տուրք տալիս մանրիկ անձնական եւ խմբակային շահերին: Արդյո՞ք մթնոլորտում չափազանց շատ չէր չարության, ատելության կուտակումը, արդյո՞ք ողջամտության բոլոր սահմանները չէին անցել ողբերգության վրա քաղաքական հաշվարկներ անող եւ քաղաքական ծրագրեր մշակող անձինք եւ խմբերը: Անկեղծության եւ բարոյականության պակասի այդ հեղձուցիչ մթնոլորտը անգամ լիովին առողջ եւ ամուր մարդկանց վրա է ազդում, էլ ուր մնաց որ չազդեր մահվան դեմ կռվող փոքրիկի վրա:
Մթնոլորտի բարելավումը հրամայական է նաեւ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Այն պայմաններում, երբ առկա են միաժամանակ արտաքին եւ ներքին դիվերսիաները, երբ ամբողջ աշխարհը կանգնած է ցնցումների շեմին, օդ ու ջրի պես անհրաժեշտ է անկեղծության եւ վստահության մթնոլորտը, որպեսզի որպես ազգ եւ պետություն պահպանվելու գերխնդիրը կարողանանք լուծել: Եվ դա վերաբերում է ոչ միայն իշխանություններին, ոչ միայն մտավորականությանը, ոչ միայն պետական եւ քաղաքական այրերին, այլեւ հասարակ հայ մարդկանց: Ու թող ոչ ոքի չթվա, թե իրենից ոչինչ կախված չէ: Կախված է: Ամեն ոք իր տեղում եւ իր միջավայրում, եթե ձգտի ավելի մաքուր հարաբերությունների, երկրում էլ մթնոլորտը կմաքրվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

