Վերապատվելի Արմեն Միքայելյան. «ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ԱՍՏԾՈՒՆ ԻՆՉՔԱ՞Ն Է ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16Վերապատվելի Արմեն Միքայելյան.
«ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ԱՍՏԾՈՒՆ ԻՆՉՔԱ՞Ն Է ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ
ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Կրոնական անհանդուրժողականության աճը աշխարհում եւ դրա հետեւանքները հայ իրականության վրա» թեմայով, որի բանախոսներն են Հայաստանյաց ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, վերապատվելի ԱՐՄԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ եւ Քայքայիչ պաշտամունքից տուժածների եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Խոսելով կրոնական հանդուրժողականության մասին` վերապատվել Ա. Միքայելյանը հիշեց Երեւանի Ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրողի (Լ. Բարդակչյանը պահանջում է «Իրավունքից»` ներողություն խնդրել հոդվածում հրապարակված «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ նրա, «նողկալի» բառով ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը-խմբ.). «Դուք ասեք` պարոն Բարդակչյան, եթե Դուք գտնում եք, որ մենք սխալ ենք արել, մենք ապաշխարում ենք: Օգնեք, որ ապաշխարհենք: Ի՞նչ պատասխան պիտի տա` որպես հոգեւոր մարդ: Չէ՞ որ հոգեւոր մարդը մարդկանց առաջնորդում է, ոչ թե դատում»:
Մեր այն դիտարկմանը, որ պարոն Բարդակչյանը «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել 1.000.000 դրամ` վերապատվելի Ա. Միքայելյանը, պարզապես ապշեց. «Երբ Բարդակչյանը մեկ միլոն դրամանոց ներողություն է պահանջում, իսկ ինքը, որ սխալներ է գործել, Աստծուն ինչքա՞ն է վճարելու իր մեղքերի թողության համար: Կամ այդ ինչպե՞ս Բարդակչյանը որոշեց, որ դատարանը աստվածաշնյան է ու Աստծո կողմից է, ի՞նչ իրավուքնով է ինքը դատարան դիմում: Եթե, օրինակ, ինձ արգելում էին համոզում էին տարիներով, որ ես իրենց ներքին հարցը իրավունք չունեմ աշխարհիկ դատարաններում լուծելու, իրենք ինչո՞ւ են դատարանով լուծում: Այսինքն` սա խաբկանք է: Իսկ ինչ վերաբերում է վիրավորանքին, Հիսուսին էլ վիրավերեցին: Եվ իմ անձնական կարծիքն է, որ ինքը եթե վիրավորվել է, թող ձեր խմբագրության հետ նախ անձամբ խոսեր, ոչ թե դատարան դիմեր: Սա կարծում եմ` հոգեւոր հովվի համար շատ թույլ քայլ է: Երբ դատարանով մեկին ասում է ներողություն խնդրի, ուրեմն` հովիվը հովիվ չի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

