«ՍԽԱԼՆ ԱՐԴԵՆ ՇՏԿՎԱԾ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾԱԾԱՆԵԼՈՎ` ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԿԱՍԿԱԴԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ»
Արխիվ 12-16«ՍԽԱԼՆ ԱՐԴԵՆ ՇՏԿՎԱԾ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾԱԾԱՆԵԼՈՎ` ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԿԱՍԿԱԴԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ» (Տեսանյութ)
Արի ու տես, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են թույլ չտալ ծածանել եռագույն դրոշը ՀՀ տարածքի այս կամ այն վայրում: Այսպիսի միջադեպ էր տեղի ունեցել կիրակի օրը Կասկադում` «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, ֆոտոլրագրող, ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանի եւ Կասկադի անվտանգության աշխատակիցների միջեւ: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ս. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ. «Ես այստեղ երկու զույգ եղբայրների հետ էի եկել, որպեսզի դրոշի ֆոնին կրծքանշաններ բաժանենք եւ հայտարարենք, որ վաղը լրանում է ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցը, բայց անգամ թույլ չտվեցին եռագույն դրոշ բարձրացնենք ու նկարվենք: Նույնիսկ խնդրեցի, որ ծառերի ֆոնին կանգնենք ու դրոշը
ծածանենք, բայց իրենք ասացին, որ թույլ չի տրվում այստեղ եռագույն բարձրացնել»: Տեղի ունեցածը կարճ ժամանակ անց մեծ արձագանք գտավ եւ Մ.Գորգիսյանի ընտանիքն ու մի քանի տասնյակ մարդիկ որոշեցին հաջորդ օրն ակցիա անցկացնել հենց Կասկադում` ծածանելով ՀՀ ազատ ու անկախ եռագույն դրոշը ու շրջելով ողջ տարածքում հարյուրավոր լուսանկարներ անելով: Հենց ակցիայի ժամանակ միջադեպի մասին «Իրավունքը» զրուցեց Մ. Գորգիսյանի այրու` տիկին ՌՈՒԶԱՆՆԱ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հետ. «Կուզեի այդ միջադեպը դիտարկել, որպես թյուրիմացություն կամ կրթության ու դաստիարակության բացակայություն եւ իրապես կուզեի, որ այդպես լիներ: Փորձում եմ ներողամտորեն
մոտենալ այդ անվտանգության աշխատակիցներին: Թող ներող լինեն, բայց պիտի հասկանան, որ այս երկիրն էլ է մերը, եռագույնն էլ է մերը: Եռագույնը պիտի ծածանվի Հայաստանի բոլոր ծայրերում»: Անդրադառնալով ակցիային` տիկին Գորգիսյանը հավելեց. «Եվ դա է պատճառը, որ մենք այսօր եկել ենք այստեղ եւ ի ցույց բոլորին ուզում ենք ապացուցել, որ ամենուր կարող ենք ծածանել եռագույնը: Փառք Աստծո, որ նոր անվտանգության աշխատակիցները նորմալ ընկալեցին ու ընդունեցին ակցիան: Կարծում եմ` իրենք հասկացել են իրենց սխալը եւ պիտի ներողամիտ լինել: Բայց բոլոր դեպքերում վստահորեն կրկնում եմ, որ կրթության եւ դաստիարակման խնդիր է սա, ընդ որում նաեւ պետական մակարդակի` սկսած ընտանքից, դպրոցից, հասարակությունից:
Չեմ ուզում ասել, որ նրանք պակաս հայրենասեր տղաներ են կամ վատ տղաներ են... ուղղակի, շատ կուզենայի, որ բոլոր դեպքերում փորձեին իրենց սխալը շտկել: Իհարկե, սխալն արդեն շտկված է, որովհետեւ մենք այսօր եռագույնը ծածանելով` քայլում ենք Կասկադի ողջ տարածքով: Եվ կարծում եմ` իրենք էլ հասկացել են, որ իրենց մոտեցումը ճիշտ չէր»:
Խոսելով ակցիայի մասին` ՍՐԱՊԻՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ էլ նկատեց. «Ես` որպես ազատամարտիկ լրագրող, ուզում եմ, որ Հայաստանի ամբողջ տարածքով եռագույնը ծածանվի: Հիմա այստեղ այնքան եռագույն պիտի կախված լիներ, որ բոլոր զբոսաշրջիկները գային ու տեսնեին, թե ինչպես է այն ծածանվում: Ընդհանրապես, ամբողջ Կասկադը պիտի շրջապատված լիներ եռագույն դրոշով, բայց
անգամ մի հատ չկա: Իսկ նրանք, ովքեր ուզում են այն այստեղ ծածանել, չեն թողնում: Ցավալի է, բայց փաստ: Եթե Երեւանի սրտում իրավունք չունես եռագույն բարձրացնելու, սա վիրավորական է: Իսկ այսօրվա նպատակն էր, որ մենք եռագույնը բարձրացնենք ու ասենք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի ողջ տարածքում ծածանելու այն: Կհորդորեմ իշխանությանը, որ ստիպեն Կասկադում, գոնե ամեն մի բարձունքում մեր դրոշը դնել: Ի վերջո, մենք Հայաստանում եռագույնի պակաս ունենք»
Չմոռանանք նշել, որ ակցիայի ժամանակ առաջին ու ամենահպարտ դրոշ ծածանողը փոքրիկ ՄՈՎՍԵՍՆ էր: Տեսարանը չափազանց հուզիչ էր ու ազդեցիկ, քանի որ փոքրիկի մեջ, կարծես, հերոս պապն էր աղաղակում.
«Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Իսկ մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ սա իսկապես դաս կլինի ապազգային տարրերի համար եւ այլեւս որեւէ մի հայ` լինի անվտանգության աշխատակից, թե մասնավոր կենտրոնի տնօրեն, չի համարձակվի արգելել ծածանել եռագույնը: Ի վերջո, ազգի դավաճան է նա, ով իր երկրի սրտում արգելում է ծածանել ազգային խորհրդանիշը` եռագույնը:
Նյութը եւ տեսանյութը`
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունք»-ում, ինչպես նաեւ դիտե՛ք ստորեւ տեղադրված տեսանյութը.

