ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԵ՞ՏՔ
Արխիվ 12-16ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԵ՞ՏՔ
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ շարունակում է փաստեր ներկայացնել, ըստ որի, հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամներից 6-ի սպանության մեջ միակ կասկածյալի` Վալերի Պերմյակովի ծնողները աղանդավորական կազմակերպության անդամներ են («Հույս, հավատ, սեր» խարիզմատիկ եկեղեցու հովիվներ են) ու չի բացառվում, որ այս դաժան սպանությունները կատարվել են հենց աղանդավորական հողի վրա: Այս մասին որոշ պարզաբանումներ «Իրավունքը» ստացավ հենց պարոն Ամարյանից:
-Երբ արդեն կան աղաղակող փաստեր, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող միակ կասկածյալ Վալերի Պրեմյակովի ընտանիքը ներքաշված է աղանդի մեջ ու չի բացառվում, որ սպանության հիմքում հենց սա կարող էր պատճառ լինել, չե՞ք կարծում` պահանջելով, որ հայ քննիչների իրավասության տակ գտնվի գործը պետք է քննությունից դուրս չմղվի նաեւ ռուսական կողմը, քանի որ Հայաստանում չունենք աղանդավորական հողի վրա կատարված հանցագործությունները բացահայտող մասնագետներ մեր իրավապահ մարմիններում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունն ունի:
- Միանշանակ` այո, քանի որ «Հավատք, հույս , սեր» եկեղեցին մասնաճյուղն է «Հիսուսի մեջ փրկություն» եկեղեցու, որը գտնվում է Չիտայում: Իսկ դրանց վերադասը «Քրիստոնեաների Ավետարանական հավատքի» ռուսական եկեղեցին է, ապա դրանից ավելի վեր իրենց միջազգային կառույցն է, որը գտնվում է Ֆիլադելֆիայում: Ի դեպ, այն մտնում է «Աստծո հավատքի» ասամբլեայի մեջ, որը ունի 67 միլիոն ներկայացուցիչ, որոնք հիմնականում ղեկավարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Իսկ եթե դիտարկենք «Քրիստոնեաների Ավետարանական հավատքը», դրա ղեկավարության եթե ոչ 100-ը, ապա 90-95 տոկոսը ուկրաինացիներ են: Եվ այս ամենը հաշվի առնելով` միանշանակ ռուս քննիչները իրական հետքը կարող են ավելի ճիշտ ուղղությամբ տանել ու գործը բացահայտել:
- Ո՞րն է այս մեկը մյուսի հետ կապակցված կառույցների
գաղափարախոսությունը, ըստ որի, Դուք չեք բացառում, որ Ավետիսյանների սպանությունը աղանդավորական հողի վրա է կատարվել:
- Եթե ցանկացած ընթերցող ավելի խորանա իրենց գաղափարախոսության մեջ, ապա ընդամենը համացանցի որոնողական համակարգում թող գրի « J 12» ու ուսումնասիրի: Դա այդ կառույցների ղեկավարման մեխանիզմն է, որտեղ միանշանակ կա նման դաժանության հիմքերը: Այսինքն` սատանայապաշտության հիմքեր. նրանք ներշնչում են, որ մարդու մեջ սատանա կա, եւ դրանից պետք է ազատվել: Եկեք չմոռանանք Սեւանի դեպքը , երբ տղան ծնողներին սպանեց կացնով` ասելով, որ նրանք սատանա էին: Այնպես որ, ընկնելով հավատքային կրոնական էքստազի տակ` ամեն ինչ հնարավոր է:
- Իսկ կբացառե՞ք այն վարկածը, որ միգուցե հայր եւ որդի Ավետիսյանները, որոնք նույնպես Ռուսաստանում են եղել ժամանակին, կապ են ունեցել Պերմյակովների հետ կամ վերոնշյալ աղանդի:
- Պետք է տեղում ուսումնասիրվի Ավետիսյանների տան գրականությունը եւ քննչական գործողությունների իրականացման ժամանակ պարզաբանվի: Բայց հաշվի առնելով, որ Ավետիսյանները եղել են Ռուսաստանում եւ իրենց վերադառնալուց հետո եկել է Վալերի Պերմյակովը, ուղղակի, քննչական մարմինը պետք է ճշտի, թե ով որտեղ է եղել: Եթե Ավետիսյանները Ռուսաստանում եղել են Չիտայում, այստեղ բավական շատ հարցեր են մեջտեղ դուրս գալու, որի պատճառը բոլորովին էլ «ջուր խմելը չէր», ինչպես պնդում է սպանության միակ կասկածյալը, այլ վրեժխնդրության` դաժանության հատուկ կարգավիճակով:
- Ի դեպ, Ձեր հայտարարությանը, որ Պրեմյակովի հայրը «Հույս, հավատ, սեր» եկեղեցու հովիվ է, բացասական արձագանքեց միայն հայաստանյան «Կյանքի խոսքը»: Ըստ Ձեզ, սա պատահականությո՞ւն էր, թե՞ ինչ-որ կապ տեսնում եք:
-«Կյանքի խոսքն» էլ է այդ եկեղեցու անդամ, այսինքն` «Քրիստոնեական Ավետարանական հավատքի» եկեղեցիներից հենց մեկն էլ «Կյանքի խոսքն» է: Նշածս եկեղեցին, որ կա Չիտայում, դա էլ է ֆինանսավորվել Շվեդիայից, եւ «Կյանքի խոսքի» հիմնադիրն էլ է Շվեդիայում: Իսկ կապը թող իրավապահ մարմինները որոշեն, ես, ուղղակի, փաստերն եմ արձանագրում: Կրկնում եմ` փաստ է, որ «Կյանքի խոսքի» վերադասը Շվեդիայում է, «Հիսուսի մեջ փրկություն» եկեղեցու վերադասը` նույնպես, չնայած նրանց ընդհանուր ղեկավարը Ամերիկայի Միացյալ Նահանգներից է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

