ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԴՆԵԼ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16|
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԴՆԵԼ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ |
|||
|
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
- Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիում ստեղծված իրավիճակը. համաձա՞յն եք, որ եթե մեր իրավապահներն «իրենց տեղում» լինեին, բանը չէր հասնի ոստիկանության հետ բախումների։ - Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն, մարդիկ հուզված են, ցավում են կատարվածի համար, եւ դա հասկանալի է։ Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, եւս մեկ անգամ ցույց տվեց՝ Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որի նպատակը մեկն է՝ հնարավոր ու անհնար միջոցներով փչացնել հարաբերությունները մեր եւ, ըստ էության, մեր միակ դաշնակցի՝ Ռուսաստանի միջեւ։ Եվ ովքե՞ր են բողոքի ցույցերի հիմնական դերակատարները՝ նույն «դեմքերը», որ Ռուսաստանի հետ կապված ցանկացած մեծ կամ փոքր իրադարձություն դարձնում են հայ-ռուսական հարաբերությունների հարց՝ ազգամիջյան խնդիր, եւ փորձում դրա շուրջ հակառուսական հիստերիայի ալիք բարձրացնել։ Դեպքի հանգամանքները, քրեական հանցագործության շարժառիթները դեռեւս չեն պարզաբանվել, պարզ չէ՝ մարդասպանն ինչ առնչություն է ունեցել այդ ընտանիքի անդամների հետ, պատահաբա՞ր է մտել Ավետիսյանների տուն, մենա՞կ է գործել, թե՞ ունեցել է աջակիցներ նույն ռազմակայանի տարածքում, ստուգված չէ հանցագործի առնչությունը համաշխարհային աղանդավորության հետ, որ սերտ կապերով կապված է որոշ երկրների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ։ Երկրորդ՝ կա՛մ այդ ստահակը հոգեկան հիվանդ է եղել, կա՛մ թմրամոլ, կա՛մ եղել է ալկոհոլի ազդեցութան տակ, կամ անձնական վրեժխնդրության խնդիր է ունեցել, կա՛մ այս ամենը շատ հեռուն գնացող քաղաքական սադրանք էր։ Բազմաթիվ հարցադրումներ կան, որոնց պատասխանը պետք է տա նախաքննությունը։ Ուրիշ բան, որ մեր 5-րդ շարասյան «ակտիվիստները» չխորշեցին նույնիսկ այս արյունալի ողբերգությունը ծառայեցնել իրենց հովանավորների քաղաքական նպատակներին. անմիջապես վազեցին Գյումրի՝ սադրելու ժողովրդին եւ դրդելու չկշռադատված գործողությունների։ Այդ մարդկանց մենք ճանաչում ենք՝ նրանց մեջ կան «պրոֆեսիոնալներ», որոնք ժամանակին «Մարտի 1» են սարքել, գիտեն սադրանքի մեթոդաբանությունը, ի վերջո՝ ուսուցում են անցել ԱՄՆ-ում ամիսներ շարունակ։ Ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստանը չունենա ռազմաքաղաքական դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի. մեր թշնամիներին, առաջին հերթին՝ թուրքերին ու ադրբեջանցիներին։ Ամեն ինչ շատ պարզ է. Հայաստանը փոքր երկիր է՝ դերակատարների շրջանակն այնքան նեղ է, որ պետք չէ շատ խորաթափանց լինել հասկանալու համար, թե որտեղ է թաքնված շան գլուխը. մի քանի տասնյակ սադրիչներ, որոնք հայտնվում են մե՛կ Գյումրիում, մե՛կ Երեւանում՝ այնտեղ, որտեղ կա դժբախտություն, կա կոնֆլիկտի հնարավորություն, եւ սկսում բզբզել։ - Ի դեպ, մասնագետների, հայ եւ ռուս պաշտոնյաների երբեմն իրարամերժ մեկնաբանություններից այդպես էլ պարզ չդարձավ՝ ի վերջո, մեր իրավապահ մարմիննե՞րն են իրականացնելու քննությունը, հանցագործը դատվելու է Հայաստանո՞ւմ, թե՞ գործը ռուսական կողմի իրավասության տիրույթում է։ - Կարծում եմ, այդ հարցադրումը սկզբունքային նշանակություն չունի։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիր. նույն մարդիկ, որոնք տարիներ շարունակ աղմկում են, թե Հայաստանում իրավապահ մարմինները կոռումպացված են, դատարաններն անկախ չեն, անարդար են եւ այլն, հիմա հանկարծ դարձել են այդ համակարգի ջատագովը՝ կուրծք են ծեծում, թե՝ ռուսներն այստեղ անելիք չունեն. մեր «կոռումպացված» իրավապահները եւ դատարանները պետք է պատասխանատվության ենթարկեն հանցագործին։ Այսինքն՝ նրանց նպատակը ոչ թե գործի լիարժեք եւ բազմակողմանի քննությունն է, այլ ընդամենը ջուր պղտորել, սադրել, խառնշտել եւ քաղաքական դիվիդենտներ շահել ցանկացած իրադրությունից։ Ես իրավաբան չեմ, բայց ակնհայտ է, որ Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր՝ նույն ռազմակայանի հետ կապված։ Մարդը (եթե կարելի է այդպես արտահայտվել) կատարել է հանցագործություն, նախ, ռուսական բազայում, երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բնականաբար ե՛ւ ռուսական կողմը այստեղ անելիք ունի, ե՛ւ Հայաստանը, դրա համար էլ ստեղծվել է համատեղ քննչական խումբ։ Ինչ-որ մեկին դա ինչ-որ պատճառով ձեռ չի՞ տալիս։ Ուզում են՝ ռուսական կողմը ձեռքերը լվանա, մի կո՞ղմ կանգնի, չմասնակցի՞ հանցագործության բացահայտմանը։ Իսկ Հայաստանում կա՞ն մասնագետներ, որոնք կարող են ստուգել եւ ճշտել, օրինակ, այն վարկածը, որ ժամանակին երրորդ երկրների հատուկ ծառայություններն այդ ստահակին վերցրել են իրենց «նշանառության» տակ եւ, օգտագործելով իրենց աղանդավորական կապերը, գաղտնի աջակիցներ ունենալով հենց ռուսական ռազմակայանում, դրդել են՝ կատարելու այդ հանցագործությունը, վերջում էլ՝ «ստորագրել» դրա տակ, որ հանկարծ հանցագործին ուրիշ տեղ չփնտրեն։ Ասեմ ավելին՝ «ակտիվիստների» օպերատիվ արձագանքը՝ միջադեպին անմիջապես հաջորդած կազմակերպված, համակարգված գործողությունները, ինձ մտածել են տալիս, որ 5-րդ շարասյունն արդեն իսկ մարտական պատրաստականության էր բերված։ Մոտ մեկ ամիս առաջ նույն Գյումրիի մոտակայքում մեկ այլ սահմռկեցուցիչ ողբերգություն տեղի ունեցավ՝ միկրոավտոբուսը շուռ եկավ, եւ 12 ուղեւոր վառվեց։ Բայց հուզումներ, ցույցերի, ոստիկանության հետ բախումներ չեղան։ Ինչո՞ւ։ - Ռուս իրավապահների մասնակցությունը դիտվում է որպես Հայաստանի ինքնիշխանության կորստի, մեր պետական պաշտոնյաների ստրկամտության եւս մեկ «իրեղեն» ապացույց։ - Նորմալ մարդը նման բան չի կարող ասել։ Կա՛մ այդ մարդիկ սադրիչ են, կա՛մ սադրանքի ազդեցության տակ։ Երկու երկրների տարածքում էլ կան մարդիկ, որոնք կարող էին աջակցել այդ հանցագործության կատարմանը, եւ բնական է, որ համատեղ ուժերով շատ ավելի արագ կարելի է հասնել արդյունքի։ Ի՞նչ են ուզում մեր սադրիչները. որ ռուս քննիչները չքննեն այդ գործը, եւ հանկարծ ճշմարտությունը չպարզվի՞։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ ռուսական հատուկ ծառայություններն ավելի մեծ հնարավորություններ ունեն գոնե իրենց տարածքում ուսումնասիրություններ իրականացնելու եւ պարզելու հանցագործության բոլոր դերակատարներին։ |
|||
|
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|||


