ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԳԻՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ ՍԵՆՍԱՑԻԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔ
Արխիվ 12-16ՏԳԻՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ ՍԵՆՍԱՑԻԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔ
Այն, որ Հայաստանն աշխարհում առաջինն էր, որ 301 թվականին, որպես պետական կրոն` ընդունեց քրիստոնեությունը, անժխտելի է: Այս փաստի մասին վկայում են ոչ միայն հայ պատմիչները, այլեւ աշխարհի շատ ճանաչված գիտնականներ: Բայց արի ու տես, որ Հայաստանում ի հայտ է եկել նորելուկ մի "գիտնական", ով ժխտում է, թե Հայաստանը չէ այն պետությունը, որ առաջինը ընդունել է քրիստոնեությունը: Ու այսպիսի հայտարարություն անողը ոչ ավելի, ոչ պակաս` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:
Նրա համար արտահայտման միջոց է դարձել իր ֆեյսբուքյան էջը, որտեղ գրել է իր հայտնաբերած "գյուտի" մասին. "Ճրագալույցի պատարագն է: Հայերը լուրջ ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում: Անուրանալի: Բայց երբեմն խառնում ենք պետությունը կրոնի հետ, ոգեւորվում ու մեր դասագրքերն ու պատմությունը լցնում սուտ բաներով: Չի կարելի պատմությունը կեղծել: Օրինակ, աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենեն է: Գոնե մի անգամ թերթեք հանրագիտարանները: Մենք մեզ գովելով չենք էլ նկատում, որ այսօր աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք: Իսկ այն, ինչ որ արել ենք, իրականում բավական է` հպարտ լինելու համար: Բայց նման ստերը սխալ ուղերձներ են` առաջինը դեպի մեզ: Բոլորին սկսում ենք դաս տալ, մոռանալով մեզ":
Ի դեպ, Հ. Բագրատյանը խորհրդարանական քննարկումներից մեկի ժամանակ էլ հայտարարեց, որ հանրակրթական դպրոցներից հանեն Հայ եկեղեցու պատմություն առարկան կամ էլ դասավանդեն մյուս կրոնների հետ մասին: Դե իսկ նրա նշած կրոնները Հայաստանում տարածված տարբեր աղանդներն են: Այստեղ արդեն կասկածներ են առաջանում` արդյո՞ք պարոն Բագրատյանը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, թե աղանդավորական կառույցներից մեկի երդվյալ վկան... Ինչեւէ, երեւի ընթերցողն ինքը կանի հետեւություններ, իսկ "Իրավունքը" մասնագետներից Հ. Բագրատյանի գրառման վերաբերյալ ստացավ հետեւյալ մեկնաբանությունները:
"ՀԱՐԿ Է, ՈՐ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԶԲԱՂՎԻ ԿՐՈՆԻ ԼՈՒՐՋ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ"
Օձունի հոգեւոր հովիվ տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆ - Քրիստոնեությունը մեր սուրբ հավատքն է, որն ունեցել ենք ամենավաղ ժամանակներից` սկսած Ադամի եւ Եվայի ժամանակից: Եդեմական դրախտում մենք ունեցել ենք այս հավատքը: Նոյն ինքը բնակություն է հաստատել Արարատյան դաշտավայրում, Հայկ նահապետը այսօրվա մեր հավատքի համար է պայքարել Բելի դեմ: Հրանտ Բագրատյանն իր վարչապետ եղած ժամանակ լուրջ գործունեություն չի ծավալել, որպեսզի մեր եկեղեցու կյանքում որեւէ բան փոխի: Մանավանդ այժմ նրա խոսքը լուրջ արժեք չունի, նման հայտարարություն արվել է զուտ ոմանց մոտ սենսացիա առաջացնելու համար: Այդ մարդը, որ այժմ խոսում է շատ մասնագիտական ոլորտից, որից անտեղյակ է, կարծում եմ` սովորական է, մանավանդ, որ նա շատ հարցերի շուրջ է այդպես խոսում: Ես շատ կցանկանայի, որ Բագրատյանը խոսեր տնտեսական հարցերի շուրջ եւ այն մասին, թե ժամանակին ինչու է ձախողել մեր տնտեսությունը, այլ ոչ թե մեր կառավարությանը սովորեցնի, թե ինչպես ղեկավարեն տնտեսական հարցերը: Եթե նա ցանկանում է մեր ազգին օգտակար լինել, կարող է խոսել իր ղեկավարության տարիներին թույլ տված այն կոպիտ սխալների մասին եւ իր սեփական փորձառության օրինակով համագործակցի այսօրվա իշխանությունների հետ: Անլուրջ է, որ Հ. Բագրատյանը խոսել է կրոնական հարցերի շուրջ, այն էլ այսպիսի աղավաղումներով: Այսպիսի հայտարարություններ լսելուց հետո հայ եկեղեցականները փորձում են վերպահումով մոտենալ եւ չանդրադառնալ: Այսպիսի հայտարարությունը հիմնավորելու համար հարկ է, որ Բագրատյանը զբաղվի կրոնի լուրջ ուսումնասիրությամբ, եթե կարողանա իր կարծիքը հիմնավորել փաստերով, ապա մենք այն կընդունենք, իսկ եթե չհիմնավորի, վստահ եմ, որ շատ խելացի մարդիկ նրան կծաղրեն իր տգիտության համար:
"ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՔԱՆԴՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ"
Հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ - Հրանտ Բագրատյանն իր վարչապետ եղած տարիներին այս երկրի եւ գիտության քանդողներից մեկն էր: Ամբողջ աշխարհում միայն մենք չէ, որ ասում ենք` Հայաստանն առաջին պետությունն է, որը ընդունեց քրիստոնեությունը, սա քննարկման ենթակա չէ: Ես չեմ հասկանում, թե այդ որտեղից է նա հորինել այսպիսի սուտ: Նախկին վարչապետը իր բռնած դիրքով իմաստուն է ձեւանում, ով խոսում է մեր ազգի դեմ: Սրա նպատակը մեկն է` ամեն կերպ աղավաղել, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը: Նրա հայտարարությունը ոչ միայն դեմ է Հայ առաքելական եկեղեցուն, այլեւ պետությանը: Պետք չէ, որ մեր եկեղեցին գլուխ դնի այդ մարդու հետ, նա դրան արժանի չէ: Լուրջ ոչինչ չի ասել, որպեսզի նրանից պատասխան պահանջենք:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

