"ԱՄԵՆԱՇԱՏԸ ՕՐԱԿԱՆ ՀԻՆԳ-ՎԵՑ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԷԻՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ",- ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ ԵՐԵԽԱՅԻ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՆ "ՏՎԱԾ" ՄԱՅՐԸ
Արխիվ 12-16Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է Լուսինե Առաքելյանի եւ Լուսիկ Գրիգորյանի գործի դատական քննությունը:
38-ամյա Լուսինե Առաքելյանը եւ 52-ամյա Լուսիկ Գրիգորյանը մեղադրվում են թրաֆիքինգի մեջ: Թրաֆիքինգի զոհը` տուժողը, ամբաստանյալ Լուսինե Առաքելյանի երեքամյա որդի Էրիկն է:
Ըստ մեղադրանքի` երեխայի մայրը համաձայնության է եկել Լուսիկ Գրիգորյանի հետ, եւ սկսած հինգ ամսական տարիքից` մինչեւ երեխայի մեկ տարեկան ինն ամսական դառնալը, երկու կանայք նրան "դրել ու պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում": Այն է` կանայք անօգնական երեխային պարբերաբար տարել են երեւանյան փողոցներ` մուրացկանության: Հիմնականում դա արել է Լուսիկը` երեխայի մոր` Լուսինեի համաձայնությամբ: Իսկ Լուսինեն պարբերաբար մոտեցել ու կրծքով կերակրել է երեխային` որպես հոգատար մայր…
Երեխան հիմա երեք տարեկան է ու գտնվում է ամբաստանյալի կարգավիճակ ունեցող, ծանր հանցագործության համար մեղադրվող մոր խնամքին: Թե ինչպես է հարազատ մայրը` փոքրիկ անպաշտպան մանկիկին դրել "ստրկությանը հավասարազոր" կարգավիճակի, փորձեցինք պարզել անձամբ Լուսինե Առաքելյանից: Նշենք, որ վերջինս դեռ ազատության մեջ է (խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին): Սակայն եթե մեղադրանքը հաստատվի դատարանում, Լուսինեին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:
Որքան էլ զարմանալի թվա, մեզ հետ զրույցում Լուսինեն բավական սառնասրտորեն էր պատմում այն մասին, թե ինչպես է իր որդու միջոցով փորձել գումար հավաքել, չնայած պնդում էր, որ ընդունում է իր սխալը.
- Ես ընդունում եմ իմ սխալը, որ իմ էրեխուն ուղարկել եմ փող հավաքելու, բայց ես ոչ մեկին` բացի ինձանից ու իմ էրեխուց, չեմ վնասել: Ես հիմա չեմ պատկերացնում, որ եթե հանկարծ ինձ դատեն, իմ էրեխուն էլ ինձնից խլեն, մանկատուն տանեն. ես կմեռնեմ, մենակ իմ դիակի վրայով էրեխուս մանկատուն կտանեն: Ես լիքը մեղավոր եմ, սխալ եմ եղել, որ չգիտակցելով` տվել եմ ուրիշի, բայց հիմա կուզենամ էրեխուս մանկապարտեզ ընդունեն, ես էլ աշխատեմ, իմ էրեխուն պահեմ:
- Ի՞նչն էր Ձեզ դրդել` Ձեր երեխային մուրացկանության մեջ ներգրավել:
- Էդ պահին դժվար էր, էրեխեն մենակ կրծքի կաթով էր կերակրվում, հացի-բանի համար էլի: Չգիտեմ... Ես մի քիչ հետամնաց եմ, պրոբլեմներ ունեմ, չեմ հասկացել, մինչեւ որ չհասկացրին, որ սխալ եմ: Չեմ գիտակցել, բայց ես իմ էրեխուց երբեք չեմ հրաժարվել, ես դա դատավորին էլ եմ ասել:
- Հնարավո՞ր է, որ Ձեզ ստիպել են ու երեխային տարել մուրացկանության:
- Չէ, ինձ չեն ստիպել, ուղղակի էրեխեն կրծքի կաթով չի կշտացել, դրա համար է եղել:
- Իսկ, Լուսիկի հետ, ով Ձեր երեխային մուրացկանության էր տանում, ինչպե՞ս եք ծանոթացել:
- Իր եղբայրը իմ տանն է մնում, ու մենք Լուսիկին շուտվանից ենք ճանաչել: Հետո Լուսիկը, որ իմ էրեխուն տանում էր, ես իր հետ եմ եղել, ես անընդհատ էրեխուս հետ եմ եղել, որովհետեւ կրծքի էրեխա էր: Բացի էդ էլ` Լուսիկին ես ո՞նց կարայի վստահեի իմ էրեխուն...
- Լուսի՞կն է Ձեզ առաջարկել, որ երեխային իր հետ տանի մուրացկանությամբ զբաղվելու:
- Այո, միտքն իրեն էր, ինքն էդ գործով էր զբաղվում: Մի անգամ էլ ասեց` Էրիկի հետ որ գնամ` ավելի շատ կհավաքենք: Բայց ես ու ինքը համաձայնել ենք, իմ համաձայնությամբ է եղել:
- Իսկ հիմա ինչպե՞ս է ստացվել, որ երեխայի հոգսերը կարողանում եք հոգալ առանց մուրացկանության մեջ ներքաշելու, չէ՞ որ, ինչպես ասացիք, հիմա էլ չեք աշխատում:
- Դե հիմա մի կերպ պահում ենք, իսկ եթե իմ էրեխեն գնա մանկապարտեզ, ես կաշխատեմ, արդեն ավելի լավ կպահեմ:
- Իսկ այն ժամանակ չէի՞ք կարողանում Ձեր ասած` մի կերպ պահեիք:
- Չէ, էն ժամանակ հնարավոր չէր, էն ժամանակ շարբաթը խմել եմ, էրեխուն կաթ եմ տվել:
- Օրական ինչքա՞ն գումար էիք հավաքում:
- Հավաքած գումարը հազիվ յոլա գնալու էր հերիքում` ձեթի, յուղի, Լուսիկի ու Էրիկիս շնորհիվ կարողանում էինք օրվա հացի խնդիրը լուծել: Ամենաշատն օրական հինգ-վեց հազար դրամ էինք ունենում, օր էլ լինում, որ ընդհանրապես չէր լինում, կարող ա, որ Լուսիկը էրեխու հետ նստում էր, Լուսիկի ճակատը պաչած տալիս էի՞ն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

