ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԱՎԹԸ ՁՐԻ ԷԼ ԲԱԺԱՆԵՆ, ԲԵՆԶԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԷԺԱՆԱՆԱ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԱՎԹԸ ՁՐԻ ԷԼ ԲԱԺԱՆԵՆ, ԲԵՆԶԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԷԺԱՆԱՆԱ
Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից սկսած` համաշխարհային շուկայում նավթի եւ բենզինի գները շարունակաբար նվազում են: Եվ չնայած այս ամիսներին նավթի գներն ավելի քան կիսով չափ ընկել են, Հայաստանում դա գրեթե չի անդրադարձել նավթամթերքների գների վրա: Իսկ դա էլ ավելի "տարօրինակ" է. եթե հաշվի առնենք, որ առանց միջազգային շուկաների էլ, Հայաստանում վառելիքի գների առնվազն 20 տոկոսանոց անկում պետք է լիներ, հաշվի առնելով, որ դեռ անցած տարվա կեսերին Ռուսաստանը մեր երկրի համար զրոյացրեց արտահանվող նավթամթերքի համար սահմանված 30 տոկոսանոց մաքսատուրքը:Ավելին ասենք. չնայած գները չեն նվազում, դեռ մի բան էլ վերջին ժամանակներս վարորդները գնալով հաճախակի են բողոքում, որ բենզալցակայաններում բենզինի ծավալի մեջ իրենց խաբում են, այն էլª առնվազն 10-20 տոկոսով: Ահազանգողներից մեկը մինչեւ իսկ հիմնավորեց, որ իր ավտոմեքենայի բենզինի ցուցիչը հստակորեն ֆիքսում է լիցքավորված վառելիքի ծավալը, եւ բենզալցակայանում ֆիքսված ծավալի հետ տարբերությունը գնալով միայն աճում է:
Թե ինչու Հայաստանում բենզինի եւ նավթի գները չեն իջել` հնչում են տարբեր մեկնաբանություններ: Կա օրինակ այն պնդումը, թե դա պետք է բացատրել Ռուսաստանից իրականացվող ներկրումներով, թե իբր այնտեղ գները չեն նվազել, եւ բնական է, որ Հայաստանում էլ նույնը պետք է լինի: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը "Իրավունքի" հետ զրույցում նշեց, որ պետք չէ Հայաստանում տեղի ունեցող ամեն մի երեւույթ կապել ԵՏՄ-ի հետ, իսկ եթե մարդիկ այդպիսի կարծիք են հնչեցնում, անհրաժեշտ է, որ խոսեն փաստերով եւ հիմնավորեն իրենց կարծիքը: Ինչ վերաբերում է Հայաստանում նավթի եւ բենզինի գներին, ապա ըստ տնտեսագետի` այսօրվա իրավիճակը ձեռնտու է Հայաստան նավթ եւ բենզին ներկրող ընկերություններին: Ներմուծողների համար ավելի շահավետ են բարձր գները. "Ինչ մնում է համաշխարհային շուկայում բենզինի եւ նավթի գների անկմանը, ապա պետք է ասեմ, որ այստեղ դրանց նկատմամբ պահանջարկը որոշակի առումով անկում է ապրում, քանի որ առաջարկը ավելի է մեծացել":
Իսկ ահա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը հավաստիացրեց, որ Հայաստանում սեպտեմբեր ամսից սկսած բենզինի գները նվազել են, եւ այդ տեղեկատվությունն արդեն հրապարակվել է. "ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը արդեն ներկայացրել է, որ ԱՄՆ-ում եւ այլուր տեղի ունեցող բենզինի գների փոփոխությունը չի կարող առնչություն ունենալ Հայաստանի հետ, քանի որ բենզին Հայաստան ներկրվում է Ռուսաստանից",- մեկնաբանեց Գ. Սահակյանը եւ ավելացրեց. "Տնտեսվարողները իրենք են որոշում, թե որտեղից ներկրեն բենզին: Սակայն փաստ է, որ տնտեսվարողները նախորդ տարվա փետրվարից ներկրումներ կատարում են Ռուսաստանից: Հետեւաբար համեմատել համաշխարհաին շուկայի գները Հայաստանի հետ` տեղին չէ: Իհարկե, Հայաստանը ուսումնասիրում եւ իր դիտակետում պահում է նաեւ համաշարհային գները, սակայն դա ոչ մի կերպ չի առնչվում տեղի ունեցող գնային փոփոխությունների հետ":
"Իրավունքի" զրուցակիցը հիշեցրեց նաեւ, որ բենզինը դոլարով նախանշվող ապրանքատեսակ է, որի գների վրա ազդում են դոլարային տատանումները: Ըստ նրա` Հայաստանում բենզինի գների անկումը շատ ավելի նկատելի կլիներ, եթե դրամ-դոլար տատանումները չլինեին. "Դեռեւս սեպտեմբերին ռեգուլյար տեսակի բենզինը մեր բենզալցակայաններում վաճառվել է 470 դրամով, իսկ տարեվեջին` 450-ով: Իսկ պրեմիում տեսակի բենզինը 490 դրամից մինչեւ տարվա վերջ հասել է 470 դրամի: Մեր ուսումնասիրությունները այս բնագավառում դեռեւս շարունակվում են",- եզրափակեց Գ. Սահակյանը:
Դե ինչª ՏՄՊՊՀ-ի ներկայացրած այս "լրջագույն" բացատրություններից հետո մնում է հիշեցնել, որ Ռուսաստանում բենզինի եւ դիզվառելիքի գները եղել եւ այս պահին էլ մնում են ամենաէժաններից մեկն աշխարհում: Դե ուրեմն, ինչպե՞ս է ստացվում, որ մեկ տարի առաջ եվրոպաներից Հայաստան էր հասնում ռուսականի համեմատ եւ ռուսական նավթով արտադրված բենզինն ու վաճառվում էր ներկայիս գներից մոտ 10-20 դրամով թանկ: Դրանից հետո աշխարհում գներն էականորեն իջան, Ռուսաստանն էլ հանեց հայաստանյան բենզինի 30 տոկոսանոց մաքսատուրքը, իսկ արդյունքում գնանկումը գրեթե չենք տեսնում: Դե, "հասկանալի" է, դոլարի "փրկարար" թանկացումն այստեղ էլ է օգնության հասնում օլիգարխիային հեչ չսիրող մեր պատկան կառույցներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

