ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ ՀԱՆԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ
Արխիվ 12-16ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ ՀԱՆԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ
Այն, ինչ կատարվեց հունվարի 12-ին Գյումրիում, պարզապես սարսափելի էր: Սակայն մեկ հանգամանք այս օրերին ուղղակի աչք ծագեց. եթե ողբերգությունից անմիջապես հետո հայաստանյան քաղաքական դաշտը հիմնականում խոսում էր, որ տեղի ունեցածը պետք է դիտարկել քրեական եւ ոչ քաղաքական հարթությունում, եւ այդ ոչ մի կերպ չի կարող եւ չպետք է տեղափոխվի հայ-ռուսական հարաբերությունների հարթություն, ապա հետագայում սկսվեցին այդ ամենը ՌԴ-ի հետ կապելու փորձեր արվել: Մինչեւ իսկ սկսեցին հնչել պահանջներ, թե Գյումրիից պետք է հանել ռուսական 102-րդ ռազմական բազան: Ինչո՞վ են հիմնավորվում այդ պահանջին թեր ու դեմ կարծիքները, "Իրավունքը" փորձեց պարզել այդ երկու հակադիր դիրքորոշումները կրողներից:Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ նշեց.
- Նախ Գյումրիում կատարված դեպքը պետք է բացահայտվի ամբողջ բովանդակությամբ, որից հետո մենք մեր ազգային ու պետական շահերի տեսանկյունից պետք է գնահատենք երեւույթը: Գտնենք այնպիսի լուծումներ թե՛ դատական գործընթացում, թե՛ հայ-ռուսական հարաբերություններում, որպեսզի այդ միջադեպից չտուժի մեր պետականությունը: Չի բացառվում, որ այս դեպքը լարվածություն ստեղծի հայ-ռուսական հարաբերություններում, այդ պատճառով էլ հարկ է գործի ճիշտ քննություն, այս պահին վճռական եզրակացություն պետք չէ անել եւ պահանջել ռուսական ռազմաբազայի դուրս բերումը Հայաստանից: Անհրաժեշտ է կատարել համարժեք քայլեր, բայց ոչ այսպիսի անորոշ վիճակում:
"Հայազն" կուսակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ընդգծեց.
- Ցանկացած ինքնիշխան պետության սահմանները պետք է պաշտպանվեն այդ պետության զինվորների կողմից: Մեր աշխարհաքաղաքական դիրքը առավել եւս ստիպում է մեզ, որպեսզի հայկական սահմանները պահպանեն միայն հայ զինվորները: Այն մարդիկ, ովքեր կողմ են, որպեսզի ռուսական ռազմաբազան մնա Գյումրիում, միայն մի բան կասեմ. եթե ռուս զինվորը հայկական սահմանը պետք է պահի հայ ընտանիքի բոլոր անդամներին սպանելով, ինչպես ինքն է ասել` մեկ բաժակ ջուր չտալու համար, ապա մեզ այսպիսի սահմանների պաշտպաններ պետք չեն: Մենք միանում ենք գյումրեցիների արդարացի պահանջներին, որպեսզի հանցագործը դատապարտվի հայկական իրավական համակարգի նորմերին համապատասխան:
Գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (ԿՈՄԱՆԴՈՍ) փաստեց.
- Պետք չէ այդ մարդկանց պահանջով հանել ռուսական ռազմաբազան: Սա ներքին պայքար է, որը փաստում է այն մասին, որ կապ չունի ռուսական ռազմաբազայի հետ: Թե Գյումրիի դեպքերի հետ բացի ռուս զինվորից` էլ ովքեր առնչություն ունեն, կբացահայտի հետաքննությունը: Պետք է նայենք մեր պատմությանը, որտեղ ռուս զինվորները պատերազմների ժամանակ միշտ աջակցել են մեզ: Հասկանում եմ, այժմ մարդիկ զայրացած են դեպքի առնչությամբ, բայց հնարավոր է, որ այս ամենի հետ կապ ունեն նաեւ մեր թշնամիները: Կարծում եմ, որ շատերին է պետք, որպեսզի մեր եւ ռուսների միջեւ ստեղծվի լարվածություն:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե որքանով է ճիշտ Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրս բերումը:
1. Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, մեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է, որ ռուսական ռազմաբազան մնա Գյումրիում- 92 %:
2. Մեր սահմանները պետք է պաշտպանեն միայն հայ զինվորները- 4%
3. Ի՞նչ երաշխիք ունենք, որ այս դեպքը չի կրկնվելու, անհրաժեշտ է հանել ռուսական ռազմաբազան- 2%:
4. Դժվարանում եմ պատասխանել- 2%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

