Ցորենի ալյուրի հարստացման դրական եւ բացասական կողմերի մասին զրուցեցինք նաեւ բժիշկ-սննդաբան ՀԱՅԿԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. -Ես չեմ ասում, որ խառնեն` վնաս կտա, բայց մի բան հաստատ գիտեմ, որ այդ հավելումները բացարձակապես չեն կարող օգտակար լինել: Ես անչափ զարմացած եմ, որ այսքան պարզ երեւույթը այսքան դժվար է ընկալվում մեր հասարակության կողմից:
Այստեղ հարցը վնաս տալ-չտալը չէ. վնասը տալիս է անգամ սպիտակ բարձր տեսակի ալյուրից պատրաստված վերմիշել-մակարոնը, որի օգտագործումից կտրուկ ընկնում է իմունային համակարգը: Ալյուրին խառնվող կոշտ հավելանյութերը չեն կարող օրգանիզմում արագ վերամշակվել: Խոսում են այլուրին խառը վիտամիններ ավելացնելու մասին, երբ օրգանիզմը միշտ չէ, որ կարողանում է օգտվել ներմուծվող վիտամիններից: Օրգանիզմը վիտամիններ կարողանում է ընդունել միայն այն դեպքում, երբ միկրոֆլորայի միջոցով այն վերամշակվում է: Դե պատկերացրեք, որ վիտամինների հետ միաժամանակ ավելացվեն նաեւ երկաթ եւ այլ հավելումներ: Ինչքան էլ արդարանան, որ ցորենի ալյուրի հարստացումն անվտանգ է օրգանիզմի համար, միեւնույն է` դրանով հարցը չի լուծվում: - Բայց ԱՆ փոխնախարարը պնդում է. "Ալյուրի հարստացումը երկաթով եւ ֆոլաթթվով կնվազեցնի արատավոր ծնունդների թիվը": - Ես էլ հակառակն եմ ասում` չի նվազեցնի, այլ կշատացնի. երեխայի իմուն համակարգի անկումը տեղի կունենա էլ ավելի շատ: Ֆոլաթթվի "ինստրուկցիայի" մեջ գրված է, որ այն ամբուլատոր պայմաններում տեղամասի բժիշկը, մանկաբույժն իրավունք չունի երեխաներին տալու, ֆոլաթթուն թույլատրելի է միայն արյան քաղցկեղով հիվանդին, այն էլ` ստացիոնար պայմաններում տալու համար: Ֆոլաթթուն ազդում է ժառանգականության վրա. կամ խեղված երեխաներ են ծնվում, կամ, ընդհանրապես, չբերություն է առաջ գալիս: Մարդն իր առողջությունը կարող է պահպանել նաեւ առանց արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ պարունակող հաց ուտելու: