"ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԸ ԴԱ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՔՐԻՍՏՈՆԵՈԻԹՅԱՆ ԱԳՐԵՍԻԱ` ԻՍԼԱՄԻ ԴԵՄ..."
Արխիվ 12-16"ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԸ ԴԱ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ
ՔՐԻՍՏՈՆԵՈԻԹՅԱՆ ԱԳՐԵՍԻԱ` ԻՍԼԱՄԻ ԴԵՄ..."
Ֆրանսիական "Շառլի Էբդո" ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ինչո՞ւ, ո՞ւմ էր ձեռնտու, արդյո՞ք ահաբեկչությունը միայն կրոնական հենք ունի, պարզեց "Իրավունքը" արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցում:-Պրն Պետրոսյան, արդյո՞ք ֆրանսիական թերթի խմբագրության դեմ իրականացված պայքարը միայն քրիստոնեություն-իսլամ հակամարտության համատեքստում է, թե, այնուամենայնիվ, ահաբեկչությունը խորքային այլ պատճառներ ունի:
- Այստեղ ավելի շուտ արժեքային հակամարտության նախնական շերտն է, որը պետք է հասկանանք եւ գնահատենք ըստ էության: Եթե վերջին մի քանի տարիների գործընթացները վերլուծենք, ապա տեսնում ենք հետեւյալը: Տեղի ունեցածը պայմանավորված է Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացներով: Ֆրանսիան, ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք պետւթյուններ նպաստել են, որ ամբողջ աշխարհում աճեն արմատական տրամադրությունները, որոնք դրսեւորվում են ահաբեկչական գործողություններով: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող էր տեղի ունենալ այլ քաղաքներում: Հիշենք նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները Սիդնեյում, որտեղ ահաբեկչության իրականացման մակարդակը ցածր էր: Ամբողջ աշխարհում իսլամական ծայրահեղ արմատական տրամադրություններն այնքան են մեծացել, որ մուսուլմանները, չունենալով խոր գիտելիքներ, չիմանալով` ինչ է "Իսլամական պետությունը", դիմում են ծայրահեղ քայլերի` տեսնելով, որ ծաղրում են Մուհամեդ մարգարեին:
- Առաջին անգամ չէ, երբ արեւմտյան մամուլը հրապարակում է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, սակայն ահաբեկչություն նախկինում չի եղել: Չե՞ք կարծում, որ ահաբեկչական այս քայլը միգուցե ուղղորդված էր:
- Ահաբեկչական այդ գործողությունը ֆրանսիական թերթի դեմ երկար մշակված ու լավ պլանավորված էր: Ահաբեկչություն իրականացնողները, կարելի է ասել, կրել են "Ալ Կաիդա"-ի ազդեցությունը: Մյուս կողմից` "Ալ-Կաիդան" ու "Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն" ահաբեկչական կազմակերպություններն այսօր մրցակցում են միմյանց դեմ, թե իրենցից որ մեկը կարող է բարձրագոչ գործողություն իրականացնել, որի մասին կարող է ավելի շատ գրել համաշխարհային մամուլը: Այս ահաբեկչությունից հետո պետք է վերանայել քաղաքականությունը մուսուլմանների նկատմամբ ու հարգել նրանց կրոնական արժեքները: Իսկ թե ինչու չի վերանայվում... հավանաբար, կան ինչ-որ շահեր: Պետք է նաեւ հակաահաբեկչական գրագետ քաղաքականություն իրականացնել: Միանշանակ կարող եմ ասել, որ Ֆրանսիան այսուհետ ավելի վճռական է պայքարելու ծայրահեղ իսլամիստների դեմ:
- Ըստ Ձեզ` ո՞րն է լինելու ահաբեկիչների հաջորդ թիրախը: Կարելի՞ է հիմա որեւէ կանխատեսում անել:
- Այնտեղ, որտեղ կան մուսուլմաններ, անգամ ամենախաղաղ երկրում հնարավոր է ահաբեկչություն: Եվրոպայում մի քիչ դժվար կլինի իրականացնել ահաբեկչություն, քանի որ անվտանգության ապահովումը բարձր մակարդակի վրա է: Մուսուլմանները ծաղրանկարների հրապարակումը համարում են քրիստոնեության ագրեսիա իսլամի դեմ: Սա կարող է սկիզբ դնել անվերահսկելի իրավիճակի:
- Հայ հասարակությունը եւս բուռն արձագանքեց տեղի ունեցող դեպքերին, ընդ որում` հիմնականում իշխում է երկու կարծիք` ահաբեկիչների քայլն արդարացված էր, քանի որ ֆրանսիական թերթը վիրավորել է մուսուլմանների սրբությանը, մյուս կողմը դատապարտում է ահաբեկիչների քայլը: Այս արձագանքներից ո՞րն է ավելի ընդունելի:
- Այդ երկու կարծիքները բացարձակ ճիշտ չեն: Ցանկացած ահաբեկչական բռնարարք ողջունելի չէ, բայց ողջունելի չէ, երբ վիրավորում են որեւէ ազգի, որեւէ կրոնական շերտի սրբությունները: Ծաղրանկարների դեմ ոչ թե պետք է պայքարել ահաբեկչությամբ, այլ քաղաքակիրթ բողոքի ակցիաներով, ինչպես նաեւ թերթին իրավական դաշտում պատասխանատվության ենթարկելով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

