«ԱՅԴ «ԵԿԵՂԵՑԻ» ԿՈՉՎԱԾՆԵՐԸ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՆ` ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿՐՈՒՄ»
Արխիվ 12-16«ԱՅԴ «ԵԿԵՂԵՑԻ» ԿՈՉՎԱԾՆԵՐԸ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՆ` ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿՐՈՒՄ»
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ հայտարարել եւ ապացուցել էր, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների վեցհոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, «Հույս, հավատ, սեր» խարիզմատիկ եկեղեցու հոգեւոր հովիվ է: Ավելին` նշել է, որ հենց այս «եկեղեցուն» պատկանող անձինք կարող են նաեւ աչքի ընկնել հոգեկան շեղումներով, բռնությամբ ու դաժանությամբ: Այս մասին եւս մի քանի ուշագրավ տեղեկություններ հաղորդեց պարոն Ամարյանը` «Իրավունքի» հետ զրույցում:
-Այս ամենից հետո, ըստ Ձեզ, օրհասական չի՞ դառնում որոշ աղանդավորական շարժումների կասեցումը Հայաստանում:
- Մենք դիմել ենք մեկին փակելու հարցով: Ավետարանչական ընկերակցությունը փակելու գործընթացը գտնվում է Արդադատության նախարարության վարչական վարույթում, բայց, չգիտես ինչու, մտավախություն կա, որ դա ընդհանրապես արձագանք չի ունենալու: Օրինակ, հունվարի 26-ին կլինի «Ավետարանական եկեղեցու նախկին հովիվն ընդդեմ իր եկեղեցու» դատական գործընթացի վճիռը: Բայց ի՞նչ են ասում` դուրներդ չի գալիս այս եկեղեցին, դիմե՛ք Ամերիկայի գլխամասին ու դատեք: Այսինքն` այդ եկեղեցի կոչվածները, ստացվում է, ինչ ուզում են` կարող են անել, բայց պատասխանատվություն ոչ ոք չի կրում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, որ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության միակ կասկածյալի` Վալերի Պերմյակովի հայրը խարիզմատիկ եկեղեցու հովիվ է, սա նշանակում է, որ այդ եկեղեցիներն ընդհանրապես հսկողությունից բաց ենք թողել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

