"ՆԱԽԿԻՆ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՍԽԱԼ Է ԱՐԵԼ, ՈՐ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ"
Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին երեկ արդեն հանձնեցին հողին: Այս պահին կասկածյալը ռուս շարքային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովն է, ով ձերբակալվեց հենց նույն օրը կեսգիշերին, որը փորձում էր հատել հայ-թուրքական սահմանը: Բարեբախտաբար, ընտանիքի միակ ողջ մնացած եւ ամենակրտսեր անդամի` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը գնալով կայունանում է:
Օրերս պարզ դարձավ, որ վերոնշյալ ոճրագործի հայրը` Պավել Պերմյակովը, Ռուսաստանում, իսկ ավելի կոնկրետ իրենց բնակավայր Չիտայում հանդիսանում է աղանդավորական շարժման ներկայացուցիչ: Այս եւ այլ հարցերի շուրջ "Իրավունք"-ը կապ հաստատեց ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, ռազմական փորձագետ ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ, ով վերոնշյալ ոճրագործության համար ասաց, որ այս դեպքը ցույց է տալիս, որ առհասարակ արտասահմանում ծառայող ռուսաստանցի զինծառայողները պետք է անցնեն լրացուցիչ հոգեբանական փորձաքննություն: Մեր այն նկատառմանը, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կան այն մասին, թե Պերմյակովը մինչ Հայաստան ծառայության մեկնելը, նախկին ծառայության ժամանակ կրկին փախուստ է կատարել զորամասից, փորձագետը նշեց, որ այն զորամասի ղեկավարությունը, որտեղ նախկինում ծառայել է Պերմյակովը սխալ է գործել` վերջինիս գործուղելով Հայաստան, այն դեպքում, որ նա թույլ էր տվել իրավախախտում: Ռազմական փորձեգետին հարց ուղղեցինք, թե որ երկրում, ըստ նրա պետք է դատեն, կամ պատիժը կրի Պերմյակովը. "Ինչքանով որ ես տեղյակ եմ, Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունները համաձայնության են եկել, որ Պերմյակովին պետք է դատեն Հայաստանում: Բացի այդ, պետք է նշեմ, որ ռուսաստանյան եւ ամերիկյան ռազմակայանների կարգավիճակները բավականին տարբեր են: Ամերիկացիները աշխատում են Էքստերիտորիալ սկզբունքով, այսինքն, երբ նրանց արտասահմանում ծառայող զինվորականը հանցանք է կատարում, նրան տեղափոխում են ԱՄՆ եւ այնտեղ են դատում: Այս դեպքում, Գյումրիի պարագայում, կարծում եմ, գործը կքննի Հայաստանի ոստիկանությունը եւ հանցագործ զինվորականը իր պատիժը կկրի Հայաստանի տարածքում": ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ