ԲԱՂԴԱՍԱՐՈՎ. "ԵՍ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՀԻՄԱ "ԱՐՄԱՎԻԱՅԻ" ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ"
Թեեւ "Արմավիա" ավիաընկերության սկանդալային սնանկացումից բավականին ժամանակ է անցել, սակայն դրա շուրջ կրքերը դեռ շարունակվում են եւ պարբերաբար շրջանառության մեջ են հայտնվում տարաբնույթ խոսակցություններ: Պատճառն էլ կարելի է հասկանալ. "Արմավիան" այդպես էլ դեռ չի մարել կուտակած պարտքերը, որոնց թվումª նախկին աշխատակիցների աշխատավարձերի գծով: Եվ ավելինª նրանցից շատերն արդեն հույսն անգամ կորցրել են, որ ինչ-որ բան կստանան: Երկրորդ պատճառն էլ այն է, որ այդպես էլ անորոշ է մնում ավիաընկերության գույքի եւ, հատկապես, ինքնաթիռների ճակատագիրը, որոնք, ինչպես վստահեցնում են մասնագետները, դեռ օգտագործման ենթակա են:
Եվ ահա այս ամենի մասին հակիրճ մեկնաբանություն ստանալու հնարավորություն եղավ "Արմավիա" ընկերության պարբերաբար եւ երկար ժամկետներով "անհետացող" սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից. -"Արմավիայի" սնանկացման գործընթացը շարունակվում է, եւ ես մեծ ցանկության դեպքում էլ չէի կարող այնպես անել, որ սնանկացման գործընթացն ավարտվի: Ինչ վերաբերում աշխատակիցների պարտքերին, մենք նրանց բոլորին մաս-մաս վճարում ենք, զարմանում եմ` ո՞նց կարան ասեն, թե ամեն բան անում եմ, որ սնանկացման գործընթացը արագ ավարտվի: Իհարկե նման բան չկա, ես ընդհանրապես հիմա "Արմավիայի" հետ կապ չունեմ: Վերջին միտքը, իհարկե, ցնցող է. բա ո՞վ կապ ունի "Արմավիայի" հետ: Թեկուզեւ այն առումով, որ ումի՞ց կարող են այդ ընկերության բառացիորեն շահագործված նախկին աշխատակիցներն իրենց հասանելիք փողերը ստանալ: