«ԻՄ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՀԱՅՏՆԵԼԸ ԿԼԻՆԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ»
Արխիվ 12-16«ԻՄ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՀԱՅՏՆԵԼԸ ԿԼԻՆԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ»
Այս օրերին, երբ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված վիշտն ու ցավը կուրացրել է շատերին, այս ու այն կողմ մեղավորներ են փնտրում ամենքը: Մեղադրանքներից ու քննադատություններից զերծ չմնաց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, ում լռությունը նյարդայնացրել էր շատերին:
Երեկ կառավարության նիստից հետո, այնուամենայնիվ, վերջապես խոսեց ՄԻՊ-ը` անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ միակ կասկածյալ ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի քննության գործընթացին. «Եղած տեղեկատվությամբ կարող եմ ասել` մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջպետական պայմանագրով եւ այսօրվա մեր օրենսդրությամբ սպանության գործի քննությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ մենք ակնկալում են, ինչպես խոստացավ ՀՀ դատախազը, որ քննությունը եւ հետագա դատավարության ընթացքը տեղի կունենա Հայաստանում, ու այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ իրավապահ համակարգի կողմից»: Ինչ վերաբերում է տարածված հիստերիային` հայկական, թե ռուսական կողմը պետք է քննությունն իրականացնի, Կ. Անդրեասյանը նկատեց. «Հենց նույն հայ-ռուսական միջպետական պայմանագրի առաջին հոդվածի համաձայն` այժմ կասկածյալը գտնվում է ՀՀ տարածքում եւ արտահանձման մասին խոսք չկա: Խոսքը փոխանցման մասին է, եւ կարծում եմ` ՀՀ գլխավոր դատախազութունը գրավոր կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի մնացած գործընթացները լինեն այնպես, ինչպես հարկն է»: ՄԻՊ-ին ուղղված մեղադրանքներին էլ ի պատասխան` հավելեց. «Կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց կարող եմ նաեւ ասել, որ այս պահի դրությամբ մեր իրավասությունների շրջանակում չի արվել որեւէ գործողություն կամ անգործություն, որը պետք է արվեր ըստ օրենքի: Միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այս պահին դեռեւս օրենքի խախտում մենք չենք արձանագրել: Թեպետ բոլորս էլ ունենք մտահոգություններ, եւ եթե դրանք ճիշտ ձեւով չփարատվեն, դա կարող է դիտվել մարդու իրավունքների խախտում: Իսկ այդ ժամանակ դուք կարող եք տեսնել մեր հայտարարությունը եւ մեր պաշտոնական գնահատականները: Չնայած այն աշխատանքը, որ մենք այստեղ կանգնած անում ենք, սա էլ գնահատական է մեր ինստիտուտի եւ իմ կողմից, որը նույնպես մեր աշխատանքի մի մասն է»: Իսկ վերջում դեպքի հետ կապված քաղաքական շահարկումների մասին խոսելով` պարոն Անդրեասյանն անկեղծացավ. «Սրանք քաղաքական գործընթանցեր են, որոնց մասին ես տեղյակ չեմ, եւ իմ կողմից նույնիսկ կարծիքներ հայտնելը կլինի սպեկուլյացիա, քանի որ չունեմ տեղեկություններ, թե ինչ է կատարվում միջպետական հարաբերությունների մեջ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

