"ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ"
Գյումրիում տեղի ունեցած ընտանեկան մեծ ողբերգության վերաբերյալ ու մեղավորներին բացահայտելու ուղղությամբ, թե ինչպիսի արձագանքներ կան ռուս գործընկերներից, երեկ ՀՀ կառավարության այս տարվա անդրանիկ նիստից հետո լրագրողներս հետաքրքրվեցինք ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ. "Իմ հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ եղել է հենց դեպքի օրը: Այն, ինչ որ քննարկել ենք, հրապարակված է: Նախ` ցավակցություն է եղել, ապա պատրաստակամություն` ամեն ինչին աջակցելու": Անդրադառնալով` Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված Գյումրիի ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրին` պարոն փոխնախարարը շեշտեց.
"Ըստ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված ռազմաբազայի մասին պայմանագրի, եթե ՌԴ-ի ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը կատարել է հանցագործություն ռազմաբազայի տարածքից դուրս, դա հայկական իրավասության տակ է: Իսկ եթե դա կատարվել է իր տեղակայման տարածքում, ապա` ռուսական: Տվյալ դեպքում առկա է երկու տիպի հանցագործություն. մեկը ծանր հանցագործություն` սպանությունները, մյուսը` ծառայության տարածքը ինքնակամ լքելը: Այնպես որ, այստեղ Ռուսաստանի ու Հայաստանի դատական մարմինների միջեւ պետք է լինի սերտ համագործակցություն":