ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱՆՎԱՆԻ ՌԵԺԻՍՈՐ ՅՈՒՐԻ ԷԼՈՅԱՆԸ
Արխիվ 12-16ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱՆՎԱՆԻ ՌԵԺԻՍՈՐ ՅՈՒՐԻ ԷԼՈՅԱՆԸ
Ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր ,
մանկավարժ, դերասան ՅՈՒՐԻ ԷԼՈՅԱՆԸ:
Անվանի ռեժիսորը բազմաթիվ բեմականացումների հեղինակ էր: Առանձնակի արժեք ունեն նրա հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները` Ե . Շվարց , «Երկու թխկի» (կենդանի եթեր), Ա . Պետրոսյան ,«Աբգար դպիր Թոխաթեցին», Վ. Սարոյան , «Մարդկային կատակերգություն», Ա.Չեխով, «Հիվանդասենյակ N 16» (վերջին երկուսի բեմականացումը կատարել է նա),Կ. Չապեկ, «Ինչպես է բեմադրվում պիեսը», է. դե Ֆիլիպո, «Տրոմբոնահարը», Կ. Խոդիկյան, «Դարպասներ»:
Ռեժիսորը 15-ից ավելի ներկայացումներ է իրականացրել ռադիոթատրոնում: էլոյանը հեռուստատեսային թատրոն բերեց ինքնատիպ, թարմ, մետաֆորիկ ռեժիսորական մտածողություն եւ հնարքներ` իր մնայուն հետքը թողնելով արվեստի եւ տեխնիկայի այդ բնագավառում: էլոյանի ուսանողների մասնակցությամբ բեմադրություններից ժամանակին մեծ աղմուկ են հանել Սերվանտեսի եւ ժակ Պրեւերի նույնանուն «Հրաշքների թատրոն» գործերը: Նա առաջին անգամ Երեւանում` «Ռոսիա» կինոթատրոնում, հիմնադրել է «Սրճարան-թատրոն»:
էլոյանը հավատում էր, որ ժամանակակից թատրոնն այսօր կարիք ունի դերասանական
անհատականությունների, նա գտնում էր, որ թատրոնը պետք է հենվի դերասանական արվեստի վրա: Էլոյանը լի էր հավատով եւ երազանքներ էր փայփայում` հայ թատրոնի համար լավագույն ապագա ակնկալելով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

