Ամենայն Հայոց Կաթողիկոս. «ՉՏՐՎԵԼ ՀՐԱՀՐՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ…»
Արխիվ 12-16Ամենայն Հայոց Կաթողիկոս. «ՉՏՐՎԵԼ ՀՐԱՀՐՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ…»
Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռի Վանական խորհրդի եւ վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությանը, դրա հետեւանքով ժողովրդի մեջ առաջացած հուզումներին ու արձանագրված ցավալի միջադեպերին: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգիրց, այս օրերին մնայուն կապ է եղել Մայր Աթոռի եւ Շիրակի թեմի առաջնորդարանի միջեւ, ու Մայր Աթոռը մշտապես իրազեկ է եղել եւ հետեւել դեպքերի զարգացմանը: Կատարվածի առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշել է. «Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի եւ վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները: Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման եւ մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը:
Մեր մտահոգությունն ենք հայտնում հունվարի 15-ին ժողովրդային հուզումների ընթացքում արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որի հետեւանքով կան նաեւ վիրավորներ: Մեր հորդորն է մեր զավակներին մնալ հանդարտության մեջ եւ չտրվել հրահրումներին ու սադրանքներին…»:
Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը բերեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. ՄԻՔԱՅԵԼ եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ եւ թեմի եկեղեցականներին այս օրերին բերած իրենց հովվական ծառայության համար: Ի դեպ, ժողովի ավարտին աղոթք մատուցվեց Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հոգիների հանգստության եւ վիրավոր փոքրիկի` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի շուտափույթ ապաքինման համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

