ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ.«ԳՈՒՑԵ ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ՞ Է»
Արխիվ 12-16ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ.«ԳՈՒՑԵ ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ՞ Է»
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանն անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին փաստեց, որ այս դեպքն առաջինը չէ Գյումրիում: Նախ Գյումրիում գործող ռազմաբազայի տեղադրած նռնակների պայթյունի հետեւանքով զոհվեցին երկու անչափահասներ, իսկ դրանից առաջ երկու ռուս սպաներ հարբած կրակ էին բացել քաղաքի շուկայում, որի հետեւանքով զոհվեցին երկու եւ վիրավորվեցին 14 մարդ.«Սա արդեն երրորդ դեպքն է, որն անընդհատ կրկնվում է: Ռազմաբազան նրա համար է, որպեսզի պաշտպանի ժողովրդին, իսկ այստեղ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Այս ամենի մեջ շատ տարօրինակ բան կա»,-նշեց ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ: Ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցող ցույցերին, ապա ըստ Ն. Ծատուրյանի` ցուցարարներին հեշտ կլինի հանդարտեցնել, եթե այն ամենը ինչ տեղի է ունենում դարձվի թափանցիկ.«Ամեն ինչ շատ տարօրինակ է` ռուս զինծառայողը սպանում է մի ամբողջ ընտանիքի, այնտեղ թողնում իր ավտոմատը եւ հանցանքի այլ նշաներ եւ հեռանում: Ինչ պատճառ կարող է լինել, որ զինվորականը սպանի 6 հոգու»,-ընդգծեց պարոն Ծատուրյանը: Նրա համար շատ տարօրինակ է նաեւ այն հանգամանքը, որ ռուս զինվորականը ռազմաբազայից անցնելով 4 կմ տարածք հասել է հենց Ավետիսյանների տուն.«Իսկ ով ասաց, որ այդ զինվորականը միայնակ է եղել, գուցե սա ադրբեջանական դիվերսիա՞ է»,-կարծիք հայտնեց բանախոսը: Նրա համար էականը ոչ թե ռուս զինվորականին Հայաստանում դատապարտելն է, այլ սպանության դրդապատճառների բացահայտումը: Այս ամենի մեջ Ն. Ծատուրյանը հատուկ դաժանություն է տեսնում, որի համար էլ խորհուրդ է տալիս, որպեսզի Հայաստանը իր հույսը չդնի այս կամ այն պետության վրա, այլ ապավինի սեփական ուժերին:
«Ալմաստ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրին էլ վրդովեցրել է այն փաստը, որ Գյումրիի դեպքից հետո Հայաստանում սգո օր չհայտարարվեց: Նրան միայն հուսադրում է այն հանգամանքըը , որ օրհասական պահերին հայերը միշտ իրար կողքի կանգնած են:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

