Սա համաժողովրդական ցավ է, և պատմության մեջ կմնա որպես ողբերգական էջ. Գալուստ Սահակյանը
Արխիվ 12-16Սա համաժողովրդական ցավ է, և պատմության մեջ կմնա որպես ողբերգական էջ. Գալուստ Սահակյանը

«Ես կարծում եմ` ցմահ կլինի պատիժը, պարզապես պրոցեսները այնպես պետք է տանել, որ մեր հասարակության համար ամոքիչ լինի»,- ասաց ԱԺ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին Գյումրիում ոճրագործություն կատարած Վալերի Պերմյակովի պատժի վերաբերյալ:
«Սա այն դեպքերից մեկն է, երբ հասարակության բոլոր շերտերը միակամ են ու միասին: Բոլորս էլ որոնում ենք այն ճանապարհը, որն ավելի արդարամիտ լուծումներ կտա: Հավատացած եմ, որ ոճրագործը կպատժվի օրենքի ամենախստագույն ուժով: Ընդվզման դեպքերն էլ վշտի արտահայտության ձև են, բոլորս միակամ ենք նաև այդ առումով: Ցավում եմ եղածի համար: Սա սովորական ցավ չէ, անձնական, անհատական ցավ չէ, սա համաժողովրդական ցավ է, և պատմության մեջ կմնա որպես ողբերգական էջ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Lրագրողների դիտարկմանը, որ ժողովուրդը տարակուսած է, որ իշխանություններն այդպես էլ սգո օրեր չհայտարարեցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. <<Սգո օրեր հայտարարում են այնպիսի դեպքերում, որպեսզի ժողովուրդն ավելի զգոնանա: Ինքը` ժողովուրդը, այդ օրն արդեն հայտարարեց. ոտքի է կանգնել ողջ հայ ժողովուրդը, Սփյուռքը, Արցախը: »
Լրագրողներին հարցին ռուսական ռազմաբազաների կարգավիճակի փոփոխության վերաբերյալ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սուգը քաղաքականացնում եք: Մենք դեռեւս խոսում ենք ցավի ու վշտի պահին` ձայնալարերի կտրտումով, պետք է հնարավորինս հանգիստ պայմաններում նման բաների մասին մտածել»:

