"ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԵԿՆՈՒՄ ԿՈՆՉԻՏԱՅԻ ԵՐԿԻՐ` ՄԵԿՆՈՒՄ ԵՆՔ ԱՎՍՏՐԻԱ"
Արխիվ 12-16"ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԵԿՆՈՒՄ ԿՈՆՉԻՏԱՅԻ ԵՐԿԻՐ`
ՄԵԿՆՈՒՄ ԵՆՔ ԱՎՍՏՐԻԱ"
Անցյալ տարի այս ժամանակահատվածում արդեն հայտնի էր` "Եվրատեսիլում" Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը, ինչը չենք կարող ասել այս տարվա մասին: Պատճառը` ոչ թե, ըստ շրջանառվող խոսակցությունների, Կոնչիտան է, որը մրցույթի ընթացքում կլինի 3 հաղորդավարներից մեկը, որի պատճառով իբրեւ Հայաստանը այս տարի հրաժարվելու է մասնակցությունից, այլ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը դեռ փնտրտուքների մեջ է: Պարզապես, մրցույթին մասնակցող արտիստի անունը պարզ կլինի փետրվարին, իսկ այս ընթացքում անցկացվում է կատարողի եւ երգի ներքին ընտրություն, այդ մասին պարզ դարձավ մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք "Եվրատեսիլ- 2015" երգի միջազգային մրցույթն այս տարի կրելու է "Կառուցելով կամուրջներ" նշանաբանը, որին այս տարի կմասնակցի 39 երկիր, իսկ Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:
"ԲՆԱԿԱՆ Է, ԵՐԲ ՀԱՂԹՈՂԸ
ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ԴԵՐՈՒՄ ԼԻՆԵԼ"
Իսկ Հայաստանը, ինչպես արդեն ասացինք, չհրաժարվելով մասնակցությունից` այժմ զբաղված է կատարողի ընտրությամբ, "Իրավունքի" հետ զրույցում տեղեկացրեց "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ու հերքեց հանրության մեջ տարածված այն միտքը, թե մրցույթին մասնակցելու համար այս տարի մեկնում ենք Կոնչիտայի երկիր.
- Նախ, մենք չենք մեկնում Կոնչիտայի երկիր` մեկնում ենք Ավստրիա, որը աշխարհի երաժշտական մայրաքաղաքն է: Եթե մարդը հաղթել է, բնականաբար մրցույթը հյուրընկալում են նրանք, եւ շատ բնական է, երբ հաղթողը կարող է նաեւ հաղորդավարի դերում լինել, այդ փորձը տարիների ընթացքում միշտ եղել է:
"ՆԵՐՔԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ Է ԲԵՐՈՒՄ, ՔԱՆ SMS ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"
-Իսկ ինչո՞ւ են հատկապես վերջին տարիներին լինում ոչ թե երգի, այլ երգչի ընտրություն, այսպիսով` զերծ ենք մնում շոուբիզնեսյան կոնֆլիկտներից ու գլխացավանքի՞ց, թե՞ կան այլ պատճառներ:
- Ոչ, պարզապես ամեն տարի Եվրոպական հեռարձակողների լիիրավ անդամ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք ունի որոշում կայացնելու, թե ինչպես է անցկացնելու ընտրությունը, եւ դա կապված է հնարավորություններից: Այսինքն` նախընտրում ենք խնայել ռեսուրսները եւ դա օգտագործել ելույթի, բեմականացման, տեսահոլովակի աշխատանքների վրա, քան` անել ընտրություն, որի վրա բավականին թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսներ են ծախսվում եւ արդյունքում, միեւնույնն է, հաղթում է այն մարդը, ում գուցե դու էլ արդեն գիտես, որ պատշաճ անձնավորություն է: Այսինքն` այդ ընտրությունների ընթացքում երբեւէ չի հաղթել անսպասելի մեկը: Իսկ մենք արդեն գիտենք հայաստանայն բոլոր մասնակիցներին, հետեւում ենք բոլոր երգիչների գործունեությանը, այնպես որ, կարծում ենք` ներքին ընտրությունը, ներքին քննարկումներն ավելի լավ արդյունք են բերում, քան` sms քվեարկությունները Հայաստանում, որոնք հաճախ ավելի շատ շեղվում են իրական պատկերից:
"ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ..."
-Մրցույթին մեկնելու համար քննարկվում են Անահիտ Սիմոնյանի, Էրիկի եւ Սոնա Շահգելդյանի անունները, նրանցից որեւէ մեկի անունը մո՞տ է ընտրությանը, թե՞ դեռ չեք ցանկանում փակագծեր բացել:
- Կարող եմ ասել` այս պահին մեզ մոտ ընթանում են քննարկումներ, ներքին ընտրության պրոցես, եւ մեր ցուցակներում բոլորն են: Մենք քննարկում ենք բոլորին, քննարկում ենք շատ տարբեր տեսանկյուններից` թե՛ վոկալային, թե՛ արտաքին, թե՛ նրանց ներկայանալի լինելու տվյալներով, որովհետեւ շատ կարեւոր է, թե ինչպես ես ներկայացնում երկիրդ: Ուստի, պետք է ներկայանալի անձնավորություն լինի, որպեսզի միջազգային հանրության առաջ նաեւ կարողանաս ճիշտ կերպով ներկայանալ, ինչը հատկապես Հայաստանի համար շատ կարեւոր է: Այնպես որ, հաշվի ենք առնում ամեն ինչ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

