Տարածվել է "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ տեսագրությունը, ուր պատգամավորը Գյումրիի սպանդի սեփական վարկածն է առաջ քաշում:
Ըստ Պողոսյանի` շատ հավանական է, որ Վալերի Պերմյակովին հավաքագրել են ադրբեջանցիները, նրա վրա դուրս գալով այժմ կալանավայրում սպանության համար պատիժը կրող նրա եղբոր միջոցով: Պատգամավորը ենթադրում է, որ այդպիսով Գյումրիի ողբերգությունը հանդիսանում է ադրբեջանական դիվերսիաների յուրահատուկ շարունակություն, եւ Վ. Պերմյակովը իրականացնելով այդ հրեշավոր ոճրագործությունը, պարզապես իրեն հավաքագրողների հանձնարարությունն է կատարել: Ըստ Թ. Պողոսյանի` դրա օգտին խոսում է նաեւ այն փաստը, որ ոճրագործությունից հետո Պերմյակովը փորձել էր հատել ոչ թե Վրաստանի սահմանը, ինչն անհամեմատ ավելի հեշտ է, այլ` Թուրքիայի: Ինչեւէ, այդպիսի վարկածն էլ գոյության իրավունք ունի, սակայն, բնականաբար, բոլոր հարցերի պատասխանը կտա քննությունը: