"ԳՅՈՒՄՐԻԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆՎԻ ՀՀ-ՈՒՄ, ԹԵ ՌԴ-ՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՇԱՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ"
Արխիվ 12-16"ԳՅՈՒՄՐԻԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆՎԻ ՀՀ-ՈՒՄ,
ԹԵ ՌԴ-ՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՇԱՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ"
ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Այս մասին է ասվում "Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ" վերտառությամբ հաղորդագրության մեջ, որը տարածել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. "Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության` նույնն է` ՌԴ իրավազորության ներքո: Հետեւաբար, Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաեւ ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որեւէ քաղաքացի երբեւէ չի հանձնվել այլ պետության: Քննությունը վարում են ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը հետեւողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության":
Որքանով է իրավաչափ այն, որ գործը պետք է քննեն ՌԴ իրավապահ մարմինները հարցին "Լեւ Գրուպ" իրավաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նախ իր խորին ցավակցությունը հայտնեց այդ ոճրագործության հետ կապված, որը, ըստ փաստաբանի, հարիր չէ, որպեսզի տեղի ունենար ՀՀ-ում. "Եթե նմանօրինակ դեպքերի մենք ականատես ենք լինում եվրոպաներում, ամերիկաներում եւ ռուսաստաններում, ապա, եթե համապատասխան լիազոր մարմինները դրանից չկատարեն համապատասխան հետեւություն եւ չփորձեն գտնել պատճառահետեւանքային կապը եւ չբացառեն հետագայում նման երեւույթների առկայությունը, ապա Հայաստանի քաղաքացին կդիմի ոչ ստանդարտ գործողությունների` ընդհուպ ինքնադատաստանի":
Լ. Բաղդասարյանը իր խոսքում մեջբերեց հին ժողովրդական հետեւյալ իմաստուն խոսքը. "Դուռը նրա համար է, որ փակվի", այնուհետ ավելացրեց. "Եկեք չբացառենք, որ եթե մեր հայրենակցի տան դուռը բաց չլիներ, նման ոճրագործություն տեղի չէր ունենա: Սա ի գիտություն` հետագայում մեր քաղաքացիներին":
Ինչ վերաբերում է հիմնական հարցին, ապա ըստ փաստաբանի` խնդիրը կարելի է բաժանել երկու մասի. "Տեղի է ունեցել հանցագործություն ռուսական բազայի ներսում, այսինքն` տվյալ անձը, ոճրագործը ինքնակամ թողել է մարտական դիրքը եւ միեւնույն ժամանակ ինքնակամ լքել է ռազմական բազան` իր հետ վերցնելով իրեն ամրակցված մարտական զենք: Այս ամբողջը միասին դասվում է ծանր հանցագործության շարքին:
Երկրորդ հանգամանքն այն է, որ այդ անձը կատարել է հանցագործություն ռազմաբազայից դուրս` ՀՀ տարածքում: Միեւնույն ժամանակ փաստենք, որ այս մարդասպանը ՌԴ քաղաքացի է: Տվյալ պարագայում իրավաչափ եմ տեսնում ՌԴ-ի լիազոր մարմնի կողմից իրականացվող քննչական գործողություններն այնքանով, որքանով, ինչպես վերը նշեցի, հանցագործության առաջին մասում, այն է մարտական դիրքը լքելը եւ ռազմաբազայից դուրս գալը, տեղի է ունեցել ՌԴ-ին պատկանող տարածքում: Ինչեւէ, որպես ՀՀ քաղաքացի ցանկալի եմ համարում, քանի որ ոճրագործությունը կատարվել է ՀՀ ներսում, որ դրանով զբաղվեին ՀՀ իրավապահ մարմինները, սակայն զուտ իրավական տեսակետից ելնելով վերոշարադրումից, ՌԴ իրավապահ մարմինների կողմից քննչական գործողությունների քննումը դիտում եմ իրավաչափ":
Որպես ամփոփում` փաստաբանը հավելեց, որ տեղի է ունեցել ոճրագործություն, եւ երկու երկրների լիազոր մարմինները` առաջինը ՌԴ-ն, որի ռազմաբազան տեղակայված է Հայաստանում, եւ երկրորդը Հայաստանի համապատասխան լիազոր մարմինները, պետք է անեն իրենց հետեւությունները` հետագայում նման արարքները ուղղակի բացառելու համար. "Ցանկանում եմ կրկնել, որ այն, ինչ կատարվում է ամերիկաներում, ռուսաստաններում եւ եվրոպաներում, մեր հայրենակիցները մեզ մոտ դա թույլ չեն տալու: Պետական լիազոր մարմինների անգործության պարագայում վերջինների "լիազորությունները" իրենց ձեռքը կվերցնի ժողովուրդը: Իսկ թե տվյալ ոճրագործությունը կքննվի մեր, թե դաշնակից երկրի իրավապահների կողմից, կարծում եմ շահարկման ենթակա չէ",- եզրափակեց Լ. Բաղդասարյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

