ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՀԱՆՋԻ ՈՒՂԻՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
Ավանդույթի համաձայն, ամենատարբեր կազմակերպություններն ու կառույցները Ամանորից առաջ իրենց աշխատակիցների համար կազմակերպում են, այսպես կոչված, կորպորատիվ երեկույթներ` հին տարին ճանապարհելու եւ նորը դիմավորելու նպատակով: Գործող ավանդույթից հեռու չեն մնացել նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւ նախորդ տարեվերջին իրենց կուսակիցների համար կազմակերպել են կորպորատիվ երեկույթ: Միջոցառմանը անձամբ մասնակցել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
"Մուսալեռ" ռեստորանում անցկացված կուսակցական կորպորատիվի ընթացքում Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով եւ անդրադարձել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Հարկ չկա անդրադառնալ ելույթի բովանդակությանը, քանի որ այդ մասին մամուլում մանրամասն գրվեց եւ, բնականաբար, հերքվեց ՀԱԿ-ի մամլո խոսնակի կողմից: Այս հավաքույթում առավել ուշագրավ է եղել հյուրերի կազմը: Ըստ ներկաների, հրավիրյալների թվում են եղել նաեւ "Ազատամարտիկների դաշինքի" մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում` Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազ) եւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Բանն այն է, որ ըստ մամուլի չհերքված հրապարակումների` "Ազատամարտիկների դաշինքը" ֆինանսավորվում է ԲՀԿ-ի կողմից եւ "Երդվյալ ազատամարտիկների միության" հետ հանդիսանում է ԲՀԿ-ի "այլընտրանքային" Երկրապահը: Բայց ստացվում է, որ ֆինանսապես կապված լինելով ԲՀԿ-ի հետ, "Ազատամարտիկների դաշինքը" գաղափարապես սնվում է ՀԱԿ-ից ու նրա լիդերից` Լեւոն Տեր-Պետրոսյանից: Այս պնդման պատճառը միայն ՀԱԿ-ի հավաքներին նրանց ներկայանալը չէ. ինչպես հայտնի է` ՀԱԿ-ը Ազատության հրապարակում նստացույցերի կողմնակից է, իսկ ԲՀԿ-ն դրան դեմ է: Եվ այս հակասության ֆոնին նշված ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենք այլեւս "եռյակի" հանրահավաքներին չեն մասնակցի եւ դրանց կմիանան միայն այն դեպքում, երբ սկսվեն նստացույցերն ու ակտիվ գործողությունները: Զարմանալ պետք չէ, քանի որ այս գործելակերպը լիովին տեղավորվում է Տեր-Պետրոսյանի ոճի մեջ. նրա ղեկավարած ՀԱԿ-ը նույնպես ֆինանսական կախվածության մեջ է ԲՀԿ-ից, սակայն քաղաքականապես փորձում է մնալ անկախ, չնայած նրան, որ կոնգրեսականները հրապարակայնորեն գովաբանում են ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ նրա ղեկավարին` նրանց վրա թողնելով նաեւ "եռյակի" գաղափարական առաջնորդությունը: