ԿԱՊՈՒՅՏ ԱՅԾԻ (ՈՉԽԱՐԻ) ՏԱՐԻ
Արխիվ 12-16ԿԱՊՈՒՅՏ ԱՅԾԻ (ՈՉԽԱՐԻ) ՏԱՐԻ
Տարին Հայաստանի համար թեեւ սկսվում է ոչ միանշանակ, բայց ընդհանուր առմամբ, բարենպաստ: Այնուամենայնիվ, մեր երկիրը պետք է հույսը դնի հիմնականում ինքն իր վրա, եւ համառորեն իրականացնի այն ամենն ինչ անհրաժեշտ է, անգամ եթե արդյունք ստանալը առաջին հայացքից այնքան էլ ակնհայտ չէ: Դրա շնորհիվ մեր երկիրը կկարողանա թեւակոխել մի փուլ, երբ երկիրն ու ժողովուրդը կկարողանան ուրախությամբ վայելել աշխատանքի պտուղները: Այնուամենայնիվ, հին խնդիրները զգացնել կտան, եւ հարկ կլինի համբերատար եւ հետեւողականորեն ձեռնամուխ լինել դրանց լուծմանը, որպեսզի ձերբազատված լինենք "ներքին չարիք" կոչեցյալից:
Իսկ այժմ` մի քանի խոսք, թե աստղերն ինչ են խոստանում մեր քաղաքական ուժերին ու գործիչներին:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ եւ ՀՀԿ-ի համար տարին խոստանում է անորոշությունների հանգուցալուծում, եւ կուսակցությունն ու հանրապետության նախագահը լիարժեք հնարավորություն են ունենալու իրականացնել բոլոր ծրագրերը: Ամենակարեւորը` երբեք տուրք չտալ անգործությանը եւ հոռետես տրամադրություններին:
"ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ" կուսակցության համար տարին այնքան էլ բարենպաստ չէ: Հին խնդիրները կրկին կսրվեն, եւ կուսակցությունը խնդիր ունի ինքնամաքրման, զարգացմանն ու առաջընթացին խանգարող "ներքին չարիքները" արմատախիլ անելու:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ եւ ՀԱԿ-ի համար, ինչքան էլ տարօրինակ լինի, տարին բարեհաջող հանգուցալուծումներ է խոստանում: Պարզապես այդ ամենը պահանջելու է համբերատարություն, եւ շտապողականությունը միայն ու միայն վնաս կարող է բերել: ՀԱԿ-ն իր առաջնորդով հանդերձ, տարեվերջին հնձելու է այն, ինչ ցանում է տարեսկզբին:
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ եւ "Ժառանգության" համար տարին բավականին դժվար է: Աստղերը խորհուրդ են տալիս ոչ այնքան գործել, որքան խորհել եւ վերլուծել: Կուսակցությունն իր առաջնորդով պետք է քննության ենթարկի իր ամբողջ անցած ուղին, կշռադատված ձեւով հրաժեշտ տա սխալներին, եւ նոր միայն նախաձեռնի որեւէ գործողություն:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ համար տարին լինելու է բարենպաստ: Եթե կուսակցությունը հավատարիմ մնա սեփական սկզբունքներին ու տուրք չտա այսրոպեական շահով թելադրվող շեղումներին, ապա ՀՅԴ-ն կկարողանա ամբողջովին վերականգնել սեփական դիրքերն ու վարկանիշը: Բացառված չէ սակայն, որ ինչ-որ պահերի "հին ընկերները" հարկադրված լինեն կարճատեւ ժամանակավոր նահանջներ անել:
"ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ" կուսակցությանը աստղերն այս տարի փոխակերպման եւ սեփական ընթացքը կտրուկ բարելավելու շանս են տալու: Եթե կուսակցությունը կարողանա ըմբռնել այդ շանսը եւ ճիշտ կռահել մեծ փոխակերպման համար բարենպաստ պահը, ապա կապահովի իր համար բարգավաճման եւ նվաճումների երկարատեւ շրջան: Հակառակ պարագայում, բացի լճացման ճահճից, ոչինչ չի ստացվի:
Եվ վերջապես ՍԻՄ կուսակցության եւ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ վերաբերյալ: Աստղերը պահանջում են լինել նախաձեռնող եւ համարձակ, տուրք չտալ հոռետեսական տրամադրություններին եւ պասիվության գայթակղությանը: Թեեւ անորոշություններ առկա են, սակայն կան նաեւ բոլոր հնարավորությունները` տեսնելու ցանկացած խնդրի լուծման եւ ծրագրի իրագործման ուղիները:
Աստղագուշակը կազմեց
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ

