ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Ամբողջ աշխարհով մեկ շրջել են լուսանկարներն ու տեսագրությունները, թե ինչպես ՓԱՐԻԶՈՒՄ մի շարք պետությունների ղեկավարները գլխավորում են հարյուր հազարավոր ցուցարարների բողոքի երթը ընդդեմ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության: Սակայն կասկածահարույց հանգամանքները բավականին արագ ի հայտ եկան: Սկզբում "Կոմսոմոլսկայա պրավդա" թերթի թղթակից Դարյա Ասլամովան գտել է մարդկանց, ովքեր վկայել են, որ ցույցի մասնակցել են աշխատանքը կորցնելու սպառնալիքով, սակայն դա ընդամենը ծաղիկներն են: Իսկ պտուղները հայտնաբերել են գերմանացի եւ ֆրանսիացի լրագրողները` հրապարակելով լուսանկարներ, որոնցից երեւում է, որ աշխարհի պետությունների ղեկավարները ոչ թե գլխավորել են ցույցը, այլ առանձնացված, պահապանների ուղեկցությամբ քայլել են դատարկ փողոցով:
Այսինքն, հերթական անգամ աշխարհի առաջատար ԶԼՄ-ները ու նախեւառաջ հեռուստաընկերությունները զարմանալիորեն հանդես են եկել որպես ոչ թե լրատվության, այլ հիմարացման միջոցներ: Դե ինչ, եթե արմավենիներով անկարգությունների կադրերը ժամանակին փորձում էին "սաղացնել" որպես Մոսկվայում տեղի ունեցող բողոքի կադրեր, ապա էլ ինչու զարմանանք այս "փոքրիկ" կեղծիքի վրա:Իսկ այն, որ Փարիզում տեղի ունեցածը խոշոր համաշխարհային հրդեհ բորբոքելու միջոց է, զարմանալիորեն մեկ անգամ եւս հաստատել են ԹՈՒՐՔԵՐԸ: Այդտեղ CNNturk-ը մի քանի րոպե շարունակ էկրաններին պահել է Մուհամեդին ծաղրող` ֆրանսիական հայտնի թերթի նոր ծաղրանկարը, ինչի հետեւանքով Թուրքիայում բազում մահմեդականներ պարզապես կատաղել են: Դե հիմա պարզ չէ՞, որ դա արվել էր հատուկ հրահրիչ նպատակով: Ոչ պակաս հրահրիչ պետք է համարել եւ Պուտինի կողմից ներման ակտով ազատ արձակված օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու կոչը, թե ամեն իրեն հարգող թերթ պարտավոր է արտատպել փարիզյան ահաբեկչության դրդապատճառ ծաղրանկարները: Հիմա ինչ, Ռուսաստանում ապրող մահմեդականների՞ն էլ են ուզում գրգռել եւ դրդել բռնարարքների:
Սակայն վերադառնանք մեր երկրի սահմաններին ավելի մոտիկ: Վրաստանի նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ փաստել է, որ Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ իսլամ ծայրահեղական ջոկատների կազմում մարտնչել են Սիրիայի դեմ. "Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ ուղարկվել են Սիրիա: Վրաստանի կառավարությունը, որը դեմքն է ծամածռում նրա համար, որ վրացիները կամավոր պայքարում են Ուկրաինայում` նրանց անվանելով սադրիչներ, վարձկաններ եւ "Ազգային շարժման" գործակալներ, ոչինչ չի ասում այն առիթով, որ բազում խորամանկությունների շնորհիվ վրացիներին Սիրիա են քշում` պատերազմելու: Բնականաբար, սա Վրաստանի շահերից չի բխում": Այն, որ Ադրբեջանից բազում "շահիդներ" կռվում են Սիրիայի դեմ, եւ պարբերաբար դրանց լեշերն են ի հայտ գալիս, նորություն չէ: Բայց որ Վրաստանում են այդպիսիք հայտնվել, դա արդեն ոչ միայն զարմանալի է, այլեւ` մտահոգիչ: Արդյոք կարելի է բացառել այդ ծայրահեղականների թափանցումը Վրաստանից Հայաստան: Կարծում ենք, որ մեր իրավասու մարմինները չպետք է անտեսեն այդ մարտահրավերները:
Իսկ մեր երկրում լրատվական կայքերը հենց Ծննդյան տոներին ծամծմում էին ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ մեծ հավաքի մանրամասները` թե ում կարգեցին գող, ում կարգալույծ արին, ում պատժեցին, ում բարձրացրին... Քիչ էր մնում այդ սխոդկայի ուղիղ ինտերնետային հեռարձակում անեին: Զարմանալի է, միայն դա էր մեզ պակաս, սակայն մեր ոստիկանությունը պաշտոնական պարզաբանում տվեց, որ մեր երկիրը հարգում է մարդկանց տեղաշարժի ազատությունը, ու եթե մարդը հետախուզման մեջ չէ, կամ Հայաստանում հանցանք չի կատարել, ապա լինի թեկուզ երիցս օրենքով գող` չի կարելի խոչընդոտել իր նմանների հետ իրար գլուխ հավաքվելը: Անշուշտ, ժողովրդավարական ազատությունները լավ բան են, բայց, գրողը տանի, ինչո՞ւ թեկուզ օրինակ չվերցրին ռուս իրավապահներից, որպեսզի ցանկացած հարմար պատրվակով այդ սխոդկան խափանեին գրողի ծոցը: Դե, եթե մեկը փորձի համոզել, որ մեր ոստիկանները հույժ օրինապահ են, գրեթե սուրբ, ու չէին կարող իրենց ինչ-ինչ հնարքներ թույլ տալ` կներեք, դրան հավատալ չենք կարող:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

