ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ
ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ից սկսած պաշտոնապես գտնվում ենք ԵՏՄ-ում: Դեռ անցյալ տարի կանխատեսումներ էին եղել, որ ընթացող աշխարհաքաղաքական հակամարտության պայմաններում Արեւմուտքը չի հանգստանա նաեւ 2015-ին ու կշարունակի փորձերը` անկայունություն հրահրել Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Եվ ահա հունվարի 2-ից ակտիվացան մազութային սուլթանատի դիվերսանտները:
ԱՄԱՆՈՐՅԱ ԱՐՅՈՒՆՈՏ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ
Ադրբեջանական դիվերսիաների պատճառով զոհեր ունեցանք հունվարի 3-ին եւ 6-ին, ու թեեւ մեր բանակը հակառակորդին անհամեմատ ավելի ծանր կորուստներ պատճառեց, դա չէր կարող չազդել մեր հանրության տրամադրության վրա: Ու դիվերսիաները աշխարհագրորեն չսահմանափակվեցին Արցախով, նաեւ Տավուշի մարզում դիվերսիայի փորձ տեղի ունեցավ, որի հետեւանքով սպանվեց 80-ամյա հայ հովիվը:
Ի վերջո, այդ դիվերսիաների պատասխանը հանգեցրեց այնպիսի ռազմաքաղաքական լուծմանը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից տեղերում հրամանատարներին` ընդհուպ վաշտերի հրամանատարներ, տրվեց լիազորություն` ինքնուրույն ընդունել որոշումներ` հակառակորդին պատժելու կամ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Փաստացի սպայակազմին լիազորություն տրվեց` հարկ եղած դեպքում ինքնուրույն ընդունելու նախահարձակ լինելու որոշումները: Եվ ինչքան էլ դա իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում, այնուամենայնիվ, Բաքվի գործելակերպը թելադրում է հենց այդպիսի մարտավարության որդեգրումը: Ի դեպ, ենթադրաբար ադրբեջանաթուրքական ֆինանսական աղբյուրներ ունեցող որոշակի կայքեր զուգահեռաբար, դեռ Ամանորի նախօրեից սկսել էին բացահայտ` ի շահ Ադրբեջանի, դավաճանական նյութեր տարածել: Ճիշտ է, դրանք համացանցի տարածքում համարժեք ինքնաբուխ հակահարվածի եւ պատասխանի են արժանանում, բայց, այնուամենայնիվ, հասունանում է նաեւ պետական մակարդակով այդպիսի քարոզչությունն արգելքի տակ դնելու անհրաժեշտությունը:
Իսկ մյուս դեպքը, որը 5-րդ շարասյուների համար իսկական նվեր էր, դա Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն էր, որի վրա փորձ արվեց եւ արվում է` հակառուսական հիսթերիայի ալիք բարձրացնելու: Այդ զազրելի ոճրագործության առնչությամբ ե՛ւ ՀՀ, ե՛ւ ՌԴ պատկան մարմինները օպերատիվորեն եւ իրավիճակին լրիվ համարժեք միջոցներ ձեռնարկել են, սակայն հիսթերիա սարքելու փորձերը չեն դադարում, եւ դրան ծառայեցվում են նաեւ ստի եւ կեղծիքի բոլոր հնարավոր եւ անհնարին հնարքները: Նույնիսկ հասցրել էին մեկ գիշերվա ընթացքում ոճրագործ Պերմյակովի համացանցային կեղծ երկխոսությունների ֆոտոպատկերներ պատրաստել եւ տարածել, նպատակ ունենալով հանցագործին ներկայացնել որպես նացիստական ինչ-ինչ կառույցի ներկայացուցիչ: Ինչեւէ, արյան վրա քարոզչական խրախճանք կազմակերպելու փորձերը առավելագույնս չեզոքացնելու միակ միջոցը թերեւս միջադեպի` հանրության համար թափանցիկ քննությունը կարող է լինել: Նաեւ ավելորդ չէ մեր ռազմավարական դաշնակցի առջեւ բարձրացնել ռազմաբազայում կարգուկանոնի խստացման եւ բազան առավել որակյալ եւ մարտունակ անձնակազմով ապահովելու վերաբերյալ:
"ԵՌՅԱԿ"-"ՔԱՌՅԱԿՆԵՐԻ" ՊԵՐՃԱՆՔՆ
ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Իսկ ի՞նչ է մտադիր անել մեր խորհրդարանական ընդդիմությունը կամ, ավելի ճիշտ, չիշխանությունը: ԲՀԿ-ն պատրաստվում է իր առաջնորդի հրավիրած խորհրդաժողովին, որը պետք է տեղի ունենա հունվարի 20-ին` հրատապ սոցիալ-տնտեսական հարցերի օրակարգով: Սակայն աչքի է զարնում մի տարօրինակ հանգամանք` խորհրդաժողովը տեղի է ունենալու Հայաստանի ամենաթանկ եւ շքեղ հյուրանոցներից մեկում: Դա ինքնին արդեն զավեշտի է վերածում ցանկացած սոցիալ-տնտեսական քննարկում, քանզի նմանվում է օլիգարխիկ դասի կողմից ժողովրդի վատ վիճակի ողբ անելուն: Սովորաբար քաղաքական ժողովները, խորհրդաժողովները եւ համագումարներն ընդունված է անել ՀՀ կառավարության նիստերի դահլիճի համեստ պայմաններում, իսկ եթե մասնակիցները չափազանց շատ են` Մարզահամերգային համալիրում, բայց ոչ ինչ-ինչ ավելորդ շքեղության պայմաններում, ինչը արդեն նմանվում է ճգնաժամի պայմաններում ժողովրդին ձեռք առնելուն: Ի վերջո, խորհրդաժողովն առավել համեստ կազմակերպելու դեպքում ծախսվելու նախատեսված գումարը կարող էր պրակտիկորեն ծառայել որեւէ կոնկրետ սոցիալ-տնտեսական խնդրի լուծմանը:
Սակայն ինչ խնդիր է լուծվում խորհրդաժողովում` զուտ քաղաքական իմաստով: Բավականին պարզ` շարունակվում է ԲՀԿ-ի կողմից մյուս ընդդիմադիր ուժերին կլանելու գործելակերպը: Ըստ էության, դա, խոշոր հաշվով, ԲՀԿ-ի նախապատրաստումն է համապետական ընտրություններին, ուր այդ փաստացի օլիգարխիկ կուսակցությունը մտադիր է հանդես գալ մեծ ու փոքրիկ քաղաքական կցորդներով:
Բայց ամենեւին ոչ բոլորն են վառվում կցորդ դառնալու ցանկությամբ: Այսպես, ՀԱԿ-ն առհասարակ հրաժարվել է խորհրդաժողովին մասնակցելուց, եւ, ըստ էության, ԼՏՊ-ի կողմից փորձ է արվում պահպանել ինքնուրույնությունը եւ չվերածվել ԲՀԿ պատգամավորներին հավասար կարգավիճակ ունեցող գործչի: Բայց միաժամանակ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիրը" գումարած դրան նաեւ "Նախախորհրդարանը" (որն արդեն վերանվանվել է "Հիմնադիր խորհրդարան"), այժմ բավականին կատաղի քարոզչական գրոհ են ձեռնարկել ընդդեմ ՀԱԿ առաջնորդի: Դե պարզ է, ձգտում են ՀԱԿ-ի կողմից զբաղեցրած քաղաքական ետնախորշն ազատել իրենք իրենց համար:
Զգացվում է նաեւ "Ժառանգության" ձգտումը որոշակիորեն սահմանազատվելու ԲՀԿ-ից: Այդ կուսակցությունը խորհրդաժողովին ներկայացված է լինելու ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանով, այլ Ռուբիկ Հակոբյանով եւ Արմեն Մարտիրոսյանով:
Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա "հին ընկերները" լրիվ հեռացել են ԲՀԿ-ի շուրջ ձեւավորվող բեւեռից, ու նաեւ բավականին ակտիվ ներգրավվել են իշխանության հետ համագործակցության մեջ: Գերմանիայում ՀՀ դեսպանի քվոտան, ըստ էության, էլի կմնա ՀՅԴ-ին, բացի այդ, ԵՏՄ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչներից մեկը դարձել է դաշնակցական Արա Նռանյանը: Այդ սամանազատման գործընթացը էլի կշարունակվի:
Ինչեւէ, մի բան պարզ է, որ այս տարի ներքաղաքական սկանդալների, վերադասավորումների, կտրուկ շրջադարձերի պակաս չի լինի: Ու թե ինչքան քարոզչական աղբ է լցվելու բնակչության գլխին, կարելի է միայն պատկերացնել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

