ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Արխիվ 12-16
ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր` 72 տարեկան հասակում, վախճանվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ասմունքող ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է շուրջ երկու տասնյակ դերեր, որոնցից են` Սարո` «Անուշ», Բոբբի` «Գիշերային պատմություն», Նարեկ` «Մենք, նրանք եւ մյուսները», Ռիչմոնդ` «Ռիչարդ երրորդ», Էդվարդ թագավոր` «Կարմիր եւ սպիտակ վարդերի պատերազմը», Նեսսի` «Կոտորածն մանկանց» եւ այլն: Մասնակցել է բազմաթիվ հեռուստաներկայացումների, խաղացել մոտ 20 դեր` Սարոյան` «Հայը եւ հայը», Գուլոյան` «Սպիտակ դրոշներ», Հուրոնց` «Շաբաթվա ութերորդ օրը», Բաբբի`
«Խենթացած մի գնա» եւ այլն: Հանդես է եկել ռադիոբեմադրություններում` Թեհլերյան` «Ոտքի, դատարանն է գալիս», Հեղինակ` «Խմբապետ Շավարշ», Չոլո` «Ռանչպարների կանչը» եւ այլն: Նրա ստեղծագործության գագաթը Դավթի կերպավորումն էր` «Սասնա ծռեր» ազգային էպոսի ռադիոբեմադրության մեջ: Կյանքի վերջին տարիներին եղել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում: Եղել է ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության արվեստի գործերի վարչության պետը: 2007թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Ա. Հարությունյանին հոգեհարազատ էր հայ պոեզիան: Նա յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Համո Սահյանին, Պարույր Սեւակին, Վահագն Դավթյանին, Գեւորգ Էմինին:
Անդրանիկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-20:00, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

