ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ
Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասն համարվող սահմանամերձ Վահան գյուղը համարվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի ամենամեծ գյուղը, որն ունի 1220 բնակիչ: Գյուղում չկան աշխատատեղեր, մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Չնայած նրան, որ գյուղը սահմանամերձ է եւ մարդիկ դժվարությամբ են հոգում իրենց ապրուստի միջոցները` գյուղից չկան արտագաղթողներ: Վահանի գյուղապետ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼՅԱՆԻ խոսքով`Վահանի բնակիչներն ամուր կանգնած են իրենց հողին եւ նախընտրում են մնալ եւ շենացնել գյուղը.«Ճիշտ է, շատ խնդիրներ կան, շատերն էլ լուծվեցին շնորհիվ ՀՀ կառավարության եւ ՊՆ նախարարի: Գյուղի ճանապարհների, լուսավորության խնդիրը 90 տոկոսով լուծեց ՊՆ նախարարը: Վահանի մանկապարտեզը արցախյան պատերազմի տարիներին փակվել էր եւ տրամադրվել կամավորական ջոկատի: 2008 թվականին սկսվեց մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները, արդեն 2011 թվականին գյուղի փոքրիկները սկսեցին հաճախել մանկապարտեզ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Գ. Բալյանը:
Այսօր Վահանում շարունակում է խնդիր մնալ մշակույթի տան վերանորգման հարցը: Պատերազմի տարիներին շենքը հայտնվել է թշնամու կրակոցների տակ եւ մինչ օրս չի վերանորոգվել.«Եթե մշակույթի տունը վերանորգվի մեր գյուղի երիտասարդները գոնե զբաղմունք կունենան, ինչ-որ բանով կզբաղվեն, նաեւ կկարողանանք աշխուժացնել գյուղի մշակութային կյանքը»,-ընդգծեց Գուրգեն Բալյանը:
Արցախյան հերոսմարտի ժամանակ Վահան գյուղն ունեցավ 16 զոհ, որոնց հիշատակը հավերժացնելու համար գյուղում կառուցվել է մեծ հուշահամալիր. «Արցախյան պատերազմի տարիներին մեր գյուղի քաջերը ոտքի կանգնեցին ու պաշտպանեցին խաղաղ բնակիչներին: Արցախ մեկնեցին միայն 4-5 հոգի, իսկ մյուսները մնացին եւ կռվեցին գյուղում: Այսօր շատ եմ հպարտանում, երբ տեսնում եմ, որ գյուղացիները պատվախնդրորեն շարունակում են պաշտպանել սահմանները: 2014 թվականի օգոստոսին, երբ ադրբեջանական կողմը հերթական անգամ կրակ արձակեց մեր սահմանների ուղղւթյամբ գյուղի երիտասարդները պատրաստ էին մեկնել դիրքեր`հայ դիրքապահների հետ պաշտպանելու մեր սահմանները: Այսպիսի երիտասարդներ ունենք մենք, որոնց անհրաժեշտ է ապահովել միայն աշխատանքով եւ տալ հնարավորություն ստեղծել ու արարել»,-ավելացրեց Վահանի գյուղապետը:
Պարոն Բալյանը միայն դժգոհում է, որ գյուղում նվազել է ծնելիության աճը, իսկ պատճառը միայն աշխատատեղերի բացակայությունն է, քանի որ շատ ընտանիքներ հիմնական աշխատանք չունենալու պատճառով 2-ից ավելի երեխաներ չեն ունենում: Գյուղապետը հուսով է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր որոշակի գումար ներդրելով կօգտագործեն իրենց համայնքի ռեսուրսները, որի արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր. «Կարեւորը մեր երկրում խաղաղություն լինի: Սա լավ առիթ է, որպեսզի մեր գերագույն հրամանատարի գլխավորությամբ շնորհավորեմ հայ զինվորների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, տա Աստված, որ նրանք իրենց զենքերը օգտագործեն միայն ուսումնական նպատակով»,-եզրափակեց Գ. Բալյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

