ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ
Արխիվ 12-16ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ
ՀԱՆՁՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ
ՔԱՂԱՔՈՒՄ
ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող շենքի բնակիչների համար տարեմուտը նշանավորվեց կարևոր իրադարձությամբ:
Դեռևս 2014 թվականի օգոստոս ամսին ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի Կոտայքի մարզ կատարած այցելության ընթացքում Եղվարդ քաղաքի համապատասխան շենքի բնակիչներն իրենց կողմից դեռևս 1991 թվականին զբաղեցրած բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու խնդրանքով դիմել էին Կառավարության ղեկավարին:
ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի հանձնարարությամբ Կոտայքի մարզպետը, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, Եղվարդի քաղաքապետն իրականացրել են հիշյալ բնակարանները սեփականության իրավունքով բնակիչներին տրամադրելու գործընթացի կազմակերպումը:
Եվ ահա բնակիչների կողմից բարձրացված հարցը դեկտեմբերի 30-ին ստացավ իր վերջնական լուծումը և Եղվարդ քաղաքի Երևանյան 7 հասցեում բնակվող 16 ընտանիքներին ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի և ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյանի կողմից հանձնվեցին իրենց բնակարանների սեփականության վկայագրերը:
Սեփականության վկայագրերը բնակիչներին հանձնվել են իրենց իսկ շենքի բակում` Եղվարդի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական արարողության շրջանակներում:
Բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու առիթով կազմակերպված միջոցառման ընթացքում բնակիչներին ինչպես այդ կարևոր իրադարձության, այնպես էլ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ողջունել ու շնորհավորել են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը և Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը:
Եղվարդի բնակիչներն իրենց շնորհակալական խոսքն են հղել ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանին և համոզմունք հայտնել, որ ՀՀ Վարչապետի այցելությունը կոնկրետ արդյունք ունեցավ և իրենց կողմից տասնյակ տարիներ տարբեր ատյաններում բարձրացված և լուծում չստացած հարցը վերջնականապես կարգավորվեց: Բնակիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել նմանատիպ աջակցություն ցուցաբերելու համար և հավաստիացրել, որ այն ամանորյա լավագույն նվեր էր իրենց ընտանիքների համար և իրենք Նոր տարին դիմավորելու են բոլորովին նոր զգացողություններով ու առավել բարձր տրամադրությամբ:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

