«ՈՒՐԻՇՆԵՐԻ ՆԵՐՎԵՐԸ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ». ՀՀԿ- ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արխիվ 12-16«ՈՒՐԻՇՆԵՐԻ ՆԵՐՎԵՐԸ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ». ՀՀԿ-
ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«Իրավունքը» շարունակում է ընթերցողին ներկայացնել ԱԺ-ի այն պատգամավորներին, որոնք այս երեք տարիների ընթացքում օրենսդիր մարմնում պասիվ են եղել: Ինչպես կասեր, ժոովուրդը, ոչ գվվոցն է լսվել, ոչ բվվոցը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀԿ պատգամավոր Վրեժ Մարկոսյանին: Ի տարբերություն մեր կողմից ներկայացված նախորդ պատգամավորների, ապարանյան կլանի ներկայացուցիչ Վրեժ Մարկոսյանը մեկընդմեջ հարցազրույցներով է հանդես գալիս, պատասխանում լրագրողների հարցերին:
Սակայն ինչպես ցույց են տալիս parliament.monitoring.am-ի տվյալները, ոչ մի անգամ այս պատգամավորը խորհրդարանի ամբիոնից ելույթներով, առաջարկներով հանդես չի եկել: Դրա փոխարեն`որպես «բարեխիղճ» պատգամավոր`մասնակցում է գրեթե բոլոր քվեարկություններին անխտիր եւ իշխող կուսակցությանը հավատարիմ` կողմ քվեարկում: Այսքանով պատգամավորն իր պարտքը համարում է կատարված ու մինչ ԱԺ-ի առաջին ընդմիջումը, որքանով, որ նկատելի է, լքում նիստերի դահլիճը:
Ներկայացնենք, որոշ կենսագրականտվյալներ պարոն Մարկոսյանից: Ծնվել է 1950թ. մարտի 15-ին Ապարանում:
1973-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1972թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ-հաշվապահ: 1972-1973թթ. ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ: 1974-1976թթ. եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ: 1976-1991թթ. ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն: 1997-2012թթ. եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն:
Պարգեւատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.), Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ): 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից:
Դատելով պատգամավորի 2013 թ-ի հայտարագրած ունեցվածքից`Վրեժ Մարկոսյանին կարելի է դասել ունեվոր պատգամավորների շարքին: Այսպես` պատգամավորի եկամուտը չի գոյանում միայն նրա աշխատավարձից: «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրենը եկամուտ է ստանում փոխառություններից, որոնք 2013-ին կազմել են 165.000.000 դրամ: Բարձրաստիճան անձի դրամական միջոցները 2013 թ-ին կազմել են 3,058,000.00 դրամ, 603,937.00 եվրո, 919,464.00 դրամ: Իսկ շահաբաժնից ստացված եկամուտը կազմել է 323,280,000.00 դրամ:
«Իրավունքը» պատգամավորից պարզեց, թե որն է խորհրդարանում նրա պասիվ լինելու պատճառը: «Պատճառ չունեմ, չեմ ուզում»,- ասաց պատգամավորը:
- Ձեր մյուս գործընկերների ելույթները Ձեզ թասիբի չե՞ն գցում:
- Չէ:
-Չկա՞ որեւէ հարց կամ խնդիր, որի վերաբերյալ հայտնեք ձեր մտահոգությունը, կարծիքը:
- Չէ, չունեմ:
- Բայց պատգամավորի գործունեությունը ենթադրում է որոշակի ակտիվություն:
- Ենթադրում է, բայց ես չեմ ուզում:
- Որքանով, որ նկատում ենք ոչ մի անգամ ցանկություն չեք ունեցել հակադարձելու ոչ իշխանական ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր քննադատությունների են ենթարկում իշխող կուսակցությանը:
- Այո:
- Ինչո՞ւ:
- Ընդունում եմ նորմալ: Էդպես էլ պետք է լինի: Բա ոնց:
- Իսկ միգուցե Ձեր հույսը մյուս գործընկերների՞ վրա է, որոնք պատասխանում են այդ քննադատություններին:
- Չէ: Դե ուրիշների ներվերը չեն դիմանում, պատասխանում են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

