ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՔ ՇՓՈՒՄԸ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴ ԿԱՄ ԳՐԻՊԻՆ ԲՆՈՐՈՇ ՆՇԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ. Վարակաբան
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՔ ՇՓՈՒՄԸ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴ ԿԱՄ ԳՐԻՊԻՆ ԲՆՈՐՈՇ ՆՇԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ. Վարակաբան

Այն, ինչը մենք հաճախ գրիպ ենք անվանում, իրականում գրիպ չէ: Մարդիկ չեն տարանջատում գրիպը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակից (հիվանդությունից): Պատճառը հիվանդությունների նույնանման ախտանշաններն են: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ՝ պատասխանելով մեր այն հարցին՝ ինչպե՞ս տարբերել գրիպը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակից:
«Սուր ռեսպիրատոր հիվանդություններն ուղեկցվում են ջերմությամբ, հարբուխով, փռշտոցով, հազով, սակայն դրանք շատ ավելի թեթև ընթացք ունեն, քան գրիպը:
Գրիպը, ինչպես և ցանկացած ռեսպիրատոր վարակ, ունի սեզոնայնություն: Հիմնականում` աշուն-ձմեռ ժամանակահատվածն է, երբ նկատվում է սուր ռեսպիրատոր հիվանդությունների սրացում: Այն ունի մի քանի պատճառ: Առաջինը ձմռան ցուրտ ամիսներին մարդու իմունային համակարգի ընկճումն է: Երկրորդը` ցուրտ եղանակներին մարդկանց խմբավորումն ավելի է շատանում, մարդիկ ավելի շատ լինում են փակ տարածություններում, որոնք, որպես կանոն, չեն օդափոխվում: Եվ երրորդ` ռեսպիրատոր վիրուսներն ավելի կայուն են ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այդ իսկ պատճառով տաք եղանակներին այս հիվանդությունները հազվադեպ են հանդիպում»,- բացատրեց բժիշկը:
Հարցին՝ ի՞նչ խորհուրդներ կարող է տալ գրիպից հնարավորինս արագ ձերբազատվելու համար, Մ. Դավիդյանցը հետևյալ կերպ պատասխանեց.
«Գրիպի դեմ գոյություն ունեն մի քանի կանխարգելիչ միջոցառումներ: Դրանք պայմանականորեն կարելի է տարանջատել սպեցիֆիկ (դեղորայքային) և ոչ սպեցիֆիկ (ոչ դեղորայքային) միջոցառումների: Սպեցիֆիկ միջոցառումների մեջ մտնում են` հակագրիպային վակցինաների կիրառումը գրիպի սեզոնի ընթացքում, ինչպես նաև ինտերֆերոնի կիրառումը քթի կաթիլների ձևով (ինտրանազալ): Այն կանխարգելում է գրիպի զարգացումը»:
Վարակաբանը նաև հավելեց, որ սպեցիֆիկ միջոցառումներից զատ, նախ և առաջ պետք է սահմանափակել շփումը գրիպով հիվանդ կամ գրիպին բնորոշ նշաններ ունեցող մարդկանց հետ: Նման հիվանդների հետ շփվելիս խորհուրդ է տրվում հատուկ ռեսպիրատորներ (դիմակ) հագնել: Նրանք ունեն հաստ շերտ և կանխում են վիրուսի թափանցումը դիմակի միջով: Անհրաժեշտ է առավել հաճախ օդափոխել սենյակները, հատկապես` որտեղ կան գրիպի նշաններով հիվանդներ, ախտահանել օդը և առարկաները:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

