ՔԱՐԱԲԵՐԴԸ Ո՛Չ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ, Ո՛Չ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Արխիվ 12-16ՔԱՐԱԲԵՐԴԸ Ո՛Չ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ, Ո՛Չ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Լոռու մարզի Քարաբերդ համայնքը բազում խնդիրներ ունի, սակայն դա չի խանգարել քարաբերդցիներին Ամանորը հավուր պատշաճի դիմավորել: «Յուրաքանչյուրն իր հնարավորության չափով տոնում է Ամանորը. քաղաքից առեւտուր են անում, մորթում իրենց պահած խոզը»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Յուրիկ Շավելյանը:
Քարաբերդը, ինչպես բնութագրեց Յ. Շավելյանը, լքված, բայց աստիճանաբար վերականգնող գյուղ է: Որպես համայնքի ղեկավար` այս 19 տարիների ընթացքում (1996 թ-ից ցայսօր Քարաբերդի գյուղապետն է-խմբ.), կարողացել է լուծել միայն գյուղի ընթացիկ խնդիրները: Հիմնախնդիրները, սակայն, շարունակում են չլուծված մնալ. դպրոց ու մանկապարտեզ չունի Քարաբերդը. «Մի քանի դպրոցական ունենք, որ Վանաձոր են դպրոց գնում: Սկզբնական շրջանում` Բլեյանի օրոք, նպատակ ունեինք դպրոց բացել: Բայց ինչ-որ ծրագրեր կային…, 500 դպրոց փակվեց Հայաստանում: Այդ ժամանակ ջահելությունը գյուղից դուրս եկավ»:
Քարաբերդի ճանապարհները ասֆալտապատված չեն, որի պատճառով գյուղմթերքը դժվար են գյուղացիները Վանաձոր հասցնում: «Մենք մեր ուժերով վերանորոգում ենք, բայց դե դրանով հարցը չի լուծվի»,- անկեղծանում է պրն Շավելյանը:
Այսօր համայնքում գերակշռում են մեծահասակները, քան երիտասարդները: «Մեծահասակներն էլ գյուղատնտեսական ոչ մի աշխատանք չեն կարող կատարել: Ջահելությունն է ինչ-որ կերպ օժանդակում է, ստեղծում տնտեսություն»:
Արտագաղթողներ համայնքից այլեւս չկան, որովհետեւ հիմնականում միայն ծերերն են մնացել. «Ծերերից ով մահանում է, նրա տան դուռը փակվում է»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

