ՌԻԿԻ ՄԱՐՏԻՆԻՆ «ՍՊԱՆԵԼ» ԵՆ ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ «ԼԱՅՔԻ» ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՌԻԿԻ ՄԱՐՏԻՆԻՆ «ՍՊԱՆԵԼ» ԵՆ ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ «ԼԱՅՔԻ» ՀԱՄԱՐ
Արդեն երկու օր է, ինչ ոչ միայն հայաստանյան, այլ աշխարհի տարբեր երկրների սոցցանցային օգտատերերը քննարկում ու ողբում են հայտնի լատինաամերիկյան երգիչ ՌԻԿԻ ՄԱՐՏԻՆԻ անժամանակ մահը: Մահազդը այսպիսին էր. «2015 թվականի հունվարի 2-ին մեր սիրելի երգիչ Ռիկի Մարտինը վախճանվեց: 43-ամյա երգիչը Լոս-Անջելեսում կորցրել է հավասարակշռությունը եւ ավտոմեքենայով բախվել պատին: Բազում կոտրվածքներ ստացած մեգաաստղին հնարավոր չի եղել փրկել ,եւ բժիշկները պարզել են, որ արյան մեջ մեծ քանակությամբ ալկոհոլ է եղել: Ռիկի Մարտինը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 24-ին Սան-Խուանում: Նրա մահը մեծ կորուստ է համաշխարհային երգարվեստի համար եւ բոլորս նրան դեռ երկար կհիշենք ու կկարոտենք»: Ապա շարունակվում է կատարյալ ֆարսը. «Խնդրում ենք, կիսեք մեզ հետ այս մեծ վիշտը` «լայքելով» ու մեկնաբանելով այս ողբերգությունը»: Այո, մի կողմից ողբերգություն, մյուս կողմից մխիթարություն է սա, քանի որ, «լայքամանիան» ախտի պես լայն տարածում է գտել ո՛չ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, քանի որ այս տեղեկությունը տարբեր սոցցանցային էջերում հավաքել է ավելի քան երկու միլիոն «լայք»: Եվ իրականում բոլորի համար միեւնույնն է, թե 90-ականներին բոլոր դեռահաս աղջիկների
սիրելին դարձած Ռիկին ողջ է, թե` մեռած, այստեղ ամենքին կուրացրել է 2 միլիոն «լայք» ունենալու հնարավորությունը: Ինչեւէ, այս ամենն այնքան է լրջացել, որ Ռիկի Մարտինի պաշտոնական ներկայացուցիչը տարբեր լրատվամիջոցներով հերքել է տեղեկությունը` մասնավորապես նշելով. «Ռիկի Մարտինը միանում է համաշխարհային դեմքերի այն մեծ ցուցակին, ովքեր դարձել են մեծ ստի զոհ: Նա առաջվա պես ողջ է եւ առողջ, այնպես որ, մի՛ հավատացեք այն ամենին, ինչ տեսնում եք համացանցում»: Ավելին` այն ընթացքում, երբ աշխարհը ողբում է իր մահը, Ռիկի Մարտինը twitter-ի իր էջում բավական ակտիվ լուսանկարներ ու մեկնաբանություններ է տեղադրում եւ միգուցե այս սեւ ու պարզունակ PR-ն օգտագործելով` նշում, որ արդեն իսկ պատրաստ է իր նոր ձայնասկավառակի շապիկը:
Իսկ մեզ մնում է հորդորել նախքան «լուն ուղտ սարքելը» մի լավ ուսումնասիրել ու տարբերակել տեղեկատվությունն ապատեղեկատվությունից, հատկապես հետտոնական շրջանում:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

