ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՆ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՆ
Եղանակային փոփոխություններն ազդեցություն են ունենում ոչ միայն մարդու ֆիզիկական առողջության վրա, այլեւ հոգեկան: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ: «Աշնանային եղանակային փոփոխությունները հենց բնության անցումն է ամառվա «տոնական» վիճակից դեպի ձմեռվա` բնության «դեպրեսիվ» վիճակին: Մարդը` որպես բնության մասնիկ նույնպես մասնակցում է այդ փոփոխություններին եւ նույնպես կարող է ունենալ հոգեբանական ճնշվածության վիճակներ: Սովորաբար, աշնանը մենք ունենում ենք դեպրեսիաների եւ այլ հոգեբանական խնդիրների սրվածություն եւ արտահայտում»,- բացատրեց հոգեբանն ու հավելեց, որ, իհարկե, այս ամենի դեմ պետք է պայքարել:
Մ. Մադաթյանի փոխանցմամբ՝ որոշ հետազոտողներ սեզոնային դեպրեսիաները կապում են արեւի լույսի պակասի հետ. «Կան երկրներ, որտեղ ստեղծված են հատուկ ժամանակաչափով արեւի սպեկտրի լույս արձակող լամպեր, որոնք միանում են ամառային ռեժիմով եւ արեւի լույս արձակում»,- նկատեց հոգեբանը:
Սեզոնային դեպրեսիան հաղթահարելու համար պարոն Մ. Մադաթյանը խորհուրդ է տալիս լինել լավատես, մտածել եւ ծրագրավորել եկող ամառային հանգիստը, ավելի աշխույժ եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ լի կյանք վարել, ինչպես նաեւ ակտիվացնել շփումներն ընկերների եւ հարազատների հետ:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

