«ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍԱ ԵԶԱԿԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐԻՑ Է, ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ԵՆ ՆՇՈՒՄ»
Արխիվ 12-16«ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍԱ ԵԶԱԿԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐԻՑ Է, ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ԵՆ ՆՇՈՒՄ»
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 5-ին, Ջավախքի Եկեղեցիներում Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով, մատուցվել է Ճրագալույցի Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ հանդիսապետությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ ՏԵՐ ԲԱԲԳԷՆ վրդ. ՍԱԼԲԻՅԱՆԻ: Իսկ Սուրբ Խաչ Եկեղեցում օրվա պատարագիչն է եղել ՏԵՐ ՏԱԹԵՎ քահանա ՄԱՐՈՒՔՅԱՆԸ:
Հընթացս Սբ. Պատարագի՝ ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվել է Մանուկ Հիսուսի ծննդյան եւ Աստվածհայտնության ավետիսը:
Հավարտ Սբ. Պատարագի` Ջավախքի առաջնորդական փոխանորդը շնորհավորել է ներկաներին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Հրաշափառ հայտնության առթիվ՝ մաղթելով, որ Ջավախք աշխարհում եւ ամենուր եկեղեցիների զանգերի ղողանջով տարածվող Տիրոջ ծննդյան լույսը բարություն, սեր ու ջերմություն, խաղաղություն բերի մարդկանց սրտերին:
Ճրագալույցի Սբ. Պարտարագին ներկա մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ
տուն էին տանում ի նշան աստվածային լույսի:
Տեղեկացնենք, որ հունվարի 5-ի Աստվածհայտնության ճրագալույցի գիշերային ժամին քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով եւ «Ուրախացիր սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ մեզ հայտնելով Քրիստոսի գալուստը: Ճրագալույցի պատարագի երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ ծնար եւ յայտնեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:
Ճրագալույցի խորհուրդը հույժ գեղեցիկ է: Այն նախատոնակն է ու կարապետը հետագա
ութ օրերի պաշտամունքների, որով եւ լինում է ինը տոնական օր: Որովհետեւ սա նշանակն է այն հավիտենականության, որը կար մինչեւ աշխարհի լինելը:
Ի դեպ, երեկոյան Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատավոր հայորդիներով: Ջավախքում սա եզակի եկեղեցական տոներից է, երբ մարդիկ մեծ շուքով են նշում:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Պատրաստեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

