Արտակարգ իրավիճակ հենց Չարբախի ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում
ՀասարակությունԱյսօր` ժամը 22:00-ին, արտակարգ իրավիճակ գրանցվեց հենց Չարբախի ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում, բայց այս անգամ ոչ թե հրդեհ էր բռնկվել ինչ-որ մեկի բնակարանում, այլ ահազանգը խիստ տոնական էր: Գիշերային հերթափոխ իրականացնող փրկարարներին այցելեցին ո՛չ ավել, ո՛չ պակաս Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Իհարկե, տղաների համար որքան էլ անսպասելի էր մանկության սիրելի պապիկի այցը, նույնքան էլ հաճելի էր: Ավելին` նրանցից մի քանիսն անգամ` պատասխանելով Ձմեռ պապի հանելուկներին արժանացան նվերների: Ի դեպ, Ձմեռ պապը ցանկացավ փրկարարներին շարունակել լինել աշխատանքում զգոն, միեւնույն ժամանակ դեռ չամուսնացածներին հորդորեց ամուսնանալ եւ, իհարկե, մաղթեց խաղաղ ծառայություն` վստահեցնելով, որ այս գիշեր միակ արտակարգ իրավիճակը իր եւ Ձյունանուշի այցն է լինելու: «Իրավունքը», որը պատահական ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր հայտնվել, այցի մասին փորձեց մանրամասներ իմանալ նախ Ձմեռ պապից. «Ես արդեն 20 տարի է` Ձմեռ պապ եմ ու ամենուր փորձում եմ ուրախություն, հաճելի պահեր պարգեւել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Եվ անցնելով այս կողմով` ես եւ Ձյունանուշը մեր պարտքը համարեցինք անպայման շնորհավորել մեր փրկարարներին, ովքեր այս տոնական օրերին իրենց կարեւոր աշխատանքն են կատարում»: Ձմեռ պապի թոռնուհին` Ձյունանուշը, նույնպես անկեղծացավ. «Իրականում սա զուտ աշխատանք չէ, այլ բարեգործություն, եւ ես ու Ձմեռ պապը հաճախ ենք մեր ճանապարհին տարբեր հաստատություններ ու մարդկանց այցելում, ուղղակի, ժպիտներ ու բերկրանք պարգեւելու համար»:
Այո՛, անգամ մեր օրերում հանդիպում են իսկական հեքիաթային Ձմեռ պապեր ու Ձյունանուշեր, ովքեր պատրաստ են առանց որեւէ նյութական շահ ակնկալելու գունավորել ամենքի օրը:
Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

