«ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16Օպերային թատրոնի մեծ ընտանիքը խոստանում է. «ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական խումբը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ`իր բարեմաղթանքներն է հղել մշակութասեր հանրությանը, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ`
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ.
«Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղ ու անհոգ տարի: Անցնող տարին հարուստ էր մեր թատրոնի համար նշանակալի իրադարձություններով: Սպասելիքները մեծ են նաեւ 2015 թվականից: Մեր թատրոնում նախատեսված են պրեմիերաներ, ինչպես նաեւ միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր հայրենակիցներին՝ ցանկանալով բարիքի եւ երջանկության տարի»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի
ԱՐԾՎԻԿ ԴԵՄՈՒՐՉՅԱՆ.
«Շնորհավորում եմ իմ հայրենակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում եմ, որ բոլորի տներում խաղաղություն եւ բարություն տիրի նոր տարում, իսկ մեր թատրոնում էլ առաջիկա տարվա ընթացքում կցանկանամ, որպեսզի պրեմիերաներով հարուստ լինի»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ.
«Սրտանց շնորհավորում եմ բոլորին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանալով անհոգ եւ խաղաղ տարի: Ամանորյա այս գեղեցիկ տոնին պարտավոր ենք հիշել նաեւ մեր սահմանների անառիկությունը պահող հայ զինվորին՝ շնորհավորելով նրանց, ցանկանալով խաղաղ ծառայություն: 2014 թվականին մենք շարունակեցինք հանդիսատեսին ներկայացնել մեր խաղացանկային ներկայացումները, ունեցանք նաեւ հյուրախաղեր: Սա կարեւոր հաղթանակ էր մեր թատրոնի եւ հատկապես հայկական բալետի արտիստների համար, քանի որ արժանացանք պետերբուրգյան խստապահանջ հանդիսականների եւ քննադատների բարձր գնահատականին: Նոր տարվանից ցանկություններն ու ակնկալիքները նույնպես մեծ են:
Շնորհավորում եմ նոր տարվա կապակցությամբ՝ ցանկանալով բարեբեր եւ մշակույթով ու արվեստով հարուստ տարի»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոնի մեներգչուհի ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ.
«Նոր Տարվա իմ ակնկալիքները ժամանակից մի փոքր առաջ են ընկել եւ արդեն շատ վառ կերպով նշմարվում են։ Պարզապես ցանկանում եմ վայելել դրանց բարեհաջող ընթացքն ու ավարտը։ Այնուամենայնիվ, ամեն նոր տարվանից ակնկալիքներն ու ցանկությունները շատ են: Ինձ համար շատ կարեւոր է իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի առողջությունը, ուստի` ակնկալում եմ, որ Նոր Տարին առողջություն կբերի, հատկապես հայրիկիս, ով դրա կարիքը շատ ունի...։ Երկիր, ՀԱՅՐԵՆԻՔ -ուզում եմ, որ մի օր՝ ոչ շատ հեռու ապագայում, Հայաստանի բոլոր քաղաքներն ու սահմանամերձ գյուղերը լեցուն լինեն հազարավոր, միլիոնավոր հայերով, որ երբեք ոչ մեկի մտքովն անգամ չանցնի, թե հայն ու Հայաստանը խոցելի են։
Հավատում եմ, որ երբեմն հեքիաթներն իրականանում են ու հենց Ամանորի գիշերը»։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող ԷԴՈՒԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ.
«Հարգելի ընկերներ,կոլեգաներ,բարեկամներ եւ հարազատներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը եւ Սուրբ Ծնունդը` մաղթելով քաջառողջություն, համբերատարություն, նպատակներ եւ նպատակներին հասնելու եռանդ ու ուժ։ Մեծ սեր եմ մաղթում բոլորիդ, ընտանեկան ջերմություն եւ խաղաղություն։ Թող, որ 2015թ-ը իր հետ բերի այն ինչ-որ պակասում էր անցած տարիներին եւ երջանկացնի ձեզ լցնելով ձեր տներն ու օջախները խինդ ու ծիծաղով եւ բազում ուրախ պահերով»։
Նյութը պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

