«ԶՅՈՒՍՔԻՆԴԻ «ՕԾԱՆԵԼԻՔ»-Ը ՄՈԳԱԿԱՆ ՈՒԺ ՈՒՆԻ»
Արխիվ 12-16«ԶՅՈՒՍՔԻՆԴԻ «ՕԾԱՆԵԼԻՔ»-Ը ՄՈԳԱԿԱՆ ՈՒԺ ՈՒՆԻ»
Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք: Մի մարդասպանի պատմություն» հայտնի վեպը հայերեն է թարգմանվել: Այդ մասին դեկտեմբերի 29-ին կայացած շնորհանդեսի ժամանակ ասաց գրքի թարգմանիչ ԿԱՌԼԵՆ ՄԱՏԻՆՅԱՆԸ:
Խոսելով իր կողմից կատարված աշխատանքի մասին, թարգմանիչը պատմեց, որ բավական կարճ ժամանակահատվածում է կատարել աշխատանքը. «Գործի մի մասն ունեի թարգմանված, մյուսը` ինչ-ինչ պատճառներով անավարտ էի թողել»:
Կ. Մատինյանի խոսքով` Զյուսքինդի այս գործն ունի մոգական ուժ. «Երբ սկսում ես աշխատել գործի վրա, արդեն չես կարողանում կանգ առնել: Նման կարծիք հայտնել են ինձ նաև գրքի խմբագիրները, սրբագրիչները»:
Թարգմանիչը նաև հավելեց, որ Զյուսքինդը յուրօրինակ մարդ է եղել, ինչպես իր գրքի հերոսը` Ժան Բատիստ Գրենույը, ում տրված էր զգալու`աշխարհի բոլոր բույրերը, այսպես ասած, շտեմերանի պես հավաքելու այն և սատանայական ուժ`լի մահացու էներգիայով:
Զյուսքինդի այս գործը, ի դեպ, ամենամեծ տպաքանակն է ունեցել, ինչն էլ պատահական չէ: Պարոն Մատինյանի համոզմամբ`«Գիրքը տանում է այլ աշխարհ` գույների, ձայների, բույրերի, ազդում մարդու հոգեկան ամենանուրբ լարերին»:
Գրքի շնորհանդեսը կայացավ թատերական ջերմ մթնոլորտում:
Նշենք, որ գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի ամենահայտնի վեպը մի մարդասպանի պատմություն է, բայց ոչ սովորական, այլ մարդասպան-հանճարի, որ ձգտում էր ստեղծել կատարյալ օծանելիք:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

