«ՄԵՆՔ ՄԵԿՆԵԼ ԷԻՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՀԵՐՈՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՄԵԿՆԵԼ ԷԻՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՀԵՐՈՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
«Երեկ կեսգիշերին վերադարձանք Տավուշի շրջան մեր հերթական այցելությունից՝ Պառավաքար, Ն. Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Չինարի, Զորամաս եւ դիրքեր՝ առաջնագիծ», - այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ, ապա հավելում. «Այցելեցինք բոլոր դպրոցները` շուրջ 700 երեխաների, որոնցից միայն լույս ու ջերմություն է ճառագում: Մենք մեկնել էինք ոչ թե աջակցություն ցուցաբերելու կամ օգնություն տանելու կարիքավոր ընտանիքներին, այլ շնորհակալություն հայտնելու եւ շնորհավորելու մեր սահմանապահ հերոս ժողովրդին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան հրաշազարդ տոների առիթով: Գնացել էինք իրենց իսկ աջակցությունը հայցելու:
Այս առիթով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ազգիս Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ, քաջալերանքով եւ թելադրությամբ իրականացավ այս այցելությունը: Նորին Սրբությունը ուշ գիշերին կամ ցերեկին մշտական հեռախոսակապով անընդհատ հետաքրքրվում էր մեր այցելությամբ եւ մանրամասներով»: Շարունակելով շնորհակալությունների շարքը` Սրբազան հայրը նշում է. «Մեր շնորհակալությունը Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբազանին, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես սրբազանին, մեր զորամասերի հրամկազմերին եւ քաջարի զինվորներին, Բերդի տարածաշրջանի անխոնջ հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանային, ով
կազմակերպեց մեր ամբողջ ուխտագնացուտյունը, Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանային, Բերդի զորամասի հոգեւոր հովիվ Հայր Համբարձումին, Մեհրաբի զորամասի հոգեւոր հովիվ Գրիգոր սարկավագին, Բերդի երիտասարդացի անդամներ Սիրանուշին, Մարիետային եւ Սարոյին, բոլոր գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, ուսուցչական կազմերին, ծնողներին եւ մեր սիրասուն երեխաներին, ովքեր մեծ լիցք ու ներչնչում հաղորդեցին մեզ ամբողջ այցելության ընթացքին»: Ի դեպ, Տավուշի սահամանափ գյուղեր մեկնած հոգեւորականները դատարկաձեռն չէին եկել եւ իրենց հետ բերել էին բազում նվերներ, ինչը իրականություն էր դարձել մի շարք բարերարների շնորհիվ: Այս մասին Բագրատ Սրբազանը շեշտում է. «Մեր
գնահատանքն ու երախտագիտությունը այս այցելությունն իրականություն դարձրած անձանց, հատկապես իշխանական ընծայաբեում կատարած Մոնթրեալահայ նվիրյալ երիտասարդ իմ շատ սիրելի Ռաֆֆի Քեոհնելյանին եւ իր ազնիվ տիկնոջը Արմինեին, ովքեր հոգացել էին առել շուրջ 400 երեխաների նվերները, ովքեր մեր երիտասարդության բացառիկ օրինակ են: Շնորհակալություններ Մայր Աթոռի Սոցիալական Կենտրոնին՝ տնօրեն Իսահակ վարդապետ Պողոսյանին, ԵՀԽ Հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամին՝ տնօրեն Կարեն Նազարյանին, Մայր Աթոռիս վարչատնտեսական բաժնին, Հայաստանյան «World Vision» գրասենյակին, Տեր եւ Տիկին Պետրոս ու Մարալ Բաղդասարյանին (Լոս Անջելես), Տեր եւ Տիկին Ջոն ու Սոսի Մանուկյանին (Մոնթրեալ), տիկին Նառա Աբրահամյանին (Լոս Անջելես): Ապա անուն առ անուն նշում բոլոր նրանց, ովքեր եւս մասնակցություն են ունեցել կամ աջակցել են այս բացառիկ այցելությանը:
«Թող Աստված մշտապես օրհնի մեր ժողովրդին՝ հատկապես մեր սահմանապահ հերոսներին, կյանքի ապահով եւ խաղալ օրեր պարգեւելով»- եզրափակելով խոսքը ասում է Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Հավելենք նաեւ, որ այս այցելության ընթացքում, ինչպես Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանն է նշում, աստվածային նախախնամությամբ, Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Ավետարանչի տոնին՝ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվեցին Սուրբ Հովհաննես Ավետարանչի, Սուրբ Հովհաննես Մկրտչի, Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի, Սուրբ Հովհաննես Մանդակունու պատկերները։
Թերեւս յուրաքանչյուրիս պարտքն է լինել սահմանապահ գյուղացու ու զինվորի կողքին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են ամենքիս խաղաղ քունը: Այնպես որ, Ամանորին, երբ կնստեք ճոխ սեղանների շուրջ, հիշե՛ք, որ կան մարդիկ, որոնք ունեն իմ եւ քո թե՛ հոգեւոր, թե նյութական աջակցության կարիքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

