ՄԱՀՎԱՆԻՑ 22 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԻ ՏԻՐԱՄՈՐ ՀՈԳԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՌՈՎ ՄՆԱԼ
Արխիվ 12-16ՄԱՀՎԱՆԻՑ 22 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԻ ՏԻՐԱՄՈՐ ՀՈԳԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՌՈՎ ՄՆԱԼ
22 տարի առաջ այս օրը մեծանուն երգչուհի, հայոց հոգեւոր երգի տիրամայր ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ միացավ հրեշտակներին` ավարտելով իր երկրային կյանքը: Ընդամենը 55 տարեկան էր, երբ ծանր հիվանդությունը, ավա~ղ, հաղթեց այլեւս հանուն կյանքի պայքարելու անզոր երգչուհուն…
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մեր քայլերն ուղվեց դեպի Երեւանի Եզնիկ Կողբացի 42 հասցեն, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել են լուսահոգի Լուսինե Զաքարյանն ու նրա ամուսինը` Խորեն Պալյանը: Պատկերն իսկապես ողբերգական էր, թերեւս առավել քան 22 տարի առաջ կլիներ: Նամշած ու խունացած տան առջեւ, որտեղ զետեղված է նաեւ Լ. Զաքարյանի
դիմաքանդակը, երկու վիզները ծուռ մոմեր էին վառվում, կար նաեւ մի քանի թարմ ծաղիկներ, բայց ժամանակին հյուրընկալ համարվող բնակարանն այլեւս փակ էր: Ավելի քան խոսուն էր դիմաքանդակը կամ միգուցե ընդհանուր պատկերի մեջ այլ տեսք էր ստացել. ե՛ւ կռիվ ուներ Լ.Զաքարյանը, ե՛ւ ամոթի զգացում` այսօրվա իրականության համար: Չէ՞ որ խարանի պես առկախվել է նրա բնակարանը տուն-թանգարան վերածելու հարցը ինչպես Խ. Պալյանի ժառանգ համարվող բարեկամների, այնպես էլ ողջ հայ ժողովրդի գլխին: Այս անգույն, կյանքից խռոված ու լքված բնակարանն այսօր մի փոքր տոնական տեսք էր ստացել նաեւ. հենց բնակարանի դռան վրա փակցված էր ամանորյա գովազդ: Ո՛չ, սա ուրախանալու առիթ չէր, իհարկե, այլ մտորելու, թե էլ ինչքան տգետ, անսիրտ ու անհոգի կարող է լինել մարդ արարածը, որ այս
բնակարանի կողքով անցնելիս խոնարհվելու փոխարեն գովազդ փակցնի, հատկապես որ հենց դռան վրա գրված է. «Լուսինե Զաքարյան/ Խորեն Պալյան»: Ինչեւէ, այս մեծության առաջ այնքան մանր ու չնչին են անտարբեր ու փոքրոգի մարդիկ: Բավական է հիշել միայն բանաստեղծ Լեւոն Միրիջանյանի խոսքն ուղղված Լ. Զաքարյանին. «Հռոմի Պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն»: Եվ այս տիեզերական մեծության առաջ մենք` ազգովի, Պալյանների ու Զաքարյանների իրական ու անիրական ժառանգների ու հարազատների հետ միասին ունենք մի մեծ պարտք` փրկել հայոց հոգեւոր երգի տիրամոր բնակարանը, որը ուշ, թե շուտ պիտի թանգարան դառնա: Այո՛, այլընտրանք ու հակափաստարկ չի կարող լինել, որովհետեւ անգամ այսօր` ցեցերի ու խոնավության մեջ խեղդված այս բնակարանում ոտք դնելիս կարելի է լսել պատերից ու ամեն մի Լ. Զաքարյանին հիշեցնող իրերից «Սուրբ-Սուրբ»-ը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

