ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ ՁԻՈՒ ՏԱՐԻՆ ՀԹԳՄ-Ի ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ ՁԻՈՒ ՏԱՐԻՆ ՀԹԳՄ-Ի ՀԱՄԱՐ
«Տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով ու ձեռքբերումներով», - ամփոփելով 2014 թվականը` նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, ապա անդրադարձավ վերոնշյալ թատերական իրադարձություններին ու ձեռքբերումներին հատ առ հատ:
«Հայաստանի թատերական գործիչների միության ակտիվ գործունեության շնորհիվ նոյեմբերի 17-22-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երեւանում անցկացվեց Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-
րդ համաշխարհային կոնգրեսը` «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Դա աննախադեպ ֆորում էր, որի անցկացումը մեծ իրադարձություն դարձավ մեր մշակութային եւ քաղաքական կյանքում»,- ընդգծեց Հ. Ղազանչյանն ու հավելեց, որ կոնգրեսին մոտ 300 պատվիրակներ են ժամանել Երեւան՝ Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից: Ի դեպ, կոնգրեսի ընթացքում անցկացվել են միջազգային պարային եւ թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, տարբեր կարգի հանդիպումներ: Երեկոյան ժամերին պատվիրակները, իրենց նախընտրությամբ, ներկայացումներ են դիտել երեւանյան թատրոններում, ծանոթացել են Հայաստանի թատերական գործիչների հետ:
Խոսելով 2014թ.-ի ձեռքբերումներից, պարոն Ղազանչյանն առանձնացրեց մարտի 19-22-ը Երեւանում անցկացված Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնը: «Փառատոնը նվիրված էր Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին մասնակցում էին Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից»,- նշեց Հ. Ղազանչյանն ու ավելացրեց, որ փառատոնի ընթացքում ցուցադրվել են վերջին շրջանի հայկական շեքսպիրյան լավագույն ներկայացումները: Հավելենք, որ փառատոնի շրջանակներում կայացել է Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղը (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան): Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում բացվել է ցուցահանդես՝ «Շեքսպիրը հայ թատրոնում», այնուհետեւ, անցկացվել է «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
«Մենք բավական մեծ նշանակություն ենք տալիս մեր երկու միջազգային փառատոներին: Խոսքը Շեքսպիրյան եւ «Արմմոնո» փառատոների մասին է,
որոնք այս տարի, կարծում եմ, բարձր մակարդակով են անցկացվել: «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 17 ներկայացում՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցել են նաեւ հայ դերասաններ:
Բարձր նշաձող ունի նաեւ Երիտասարդ ռեժիսուրայի հանրապետական փառատոնը: Այս տարի այն անցկացվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակներում»,- ասաց ՀԹԳՄ նախագահը:
Տարվա գլխավոր թատերական իրադարձություններից է` ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այս մասին պարոն Ղազանչյանը նշեց. «Այդ օրը մենք ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները»: Հ. Ղազանչյանն անդրադառնալով նաեւ մարզային
թատրոնների հետ կապված աշխատանքներին` շեշտեց. «Մարզային թատրոնները միշտ էլ գտնվել են ՀԹԳՄ ուշադրության կենտրոնում: Ի դեպ, Կապանի թատրոնն աչքի ընկավ լավ ներկայացումներով, որտեղ հիմնականում զբաղված էին Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում սովորող ուսանողները: Իսկ Գյումրիի եւ Վանաձորի թատրոնները շարունակում են պահպանել թատերական լավագույն ավանդույթները»:
Այս տարի սեպտեմբերի 23-29-ը ՀԹԳՄ-ն անցկացրել է թատերական փառատոն Վայոց Ձորի մարզում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Փառատոնին մասնակցել են Գ. Սունդուկյանի անվան թատրոնը` Եղեգնաձորում (Պ. Զեյթունցյան, «100 տարի անց»), Հ. Մալյանի անվան թատրոնը` Վերնաշենում (Հր. Քոչար, «Կարոտ»), Պատանի հանդիսատեսի թատրոնը` Արենիում (Ռ.Կալինովսկի, «Հրեշը լուսնի վրա»), Կ.
Ստանիսլավսկու անվան թատրոնը` Խաչիկում (Լ. Զ. Սյուրմելյան, «Ձեզ եմ դիմում»), Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը` Գետափում (Հ. Թումանյան, «Անխելք մարդը», ծրագրից դուրս` հատուկ երեխաների համար) եւ Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը` Վայքում (Ս. Խալաթյան, «Հրադադար») ներկայացումներով:
«Մարզպետ Էդգար Ղազարյանը (այժմ արդեն Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան) կարեւորեց փառատոնի իմաստն ու խորհուրդը եւ ավարտին շնորհակալագրեր հանձնեց մասնակից թատերախմբերին: Կարծում եմ՝ պետք է շարունակել նման փառատոները` հատկապես, սահմանամերձ մարզերում»,- կարեւորեց Հ. Ղազանչյանը:
ՀԹԳՄ-ն այս տարի ակտիվորեն մասնակցել է «Թատերական Լոռի» փառատոնին, որի շրջանակներում անցկացվել է նաեւ մոնոներկայացումների ցուցադրություն: Նշենք, որ 2014 թվականին ՀԹԳՄ-ն այցելել է նաեւ Թբիլիսի եւ Ստեփանակերտ:
Իսկ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 12-ը ՀԹԳՄ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երեւանում անցկացրեց Վրաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում հանդես եկան վրացական ժամանակակից մշակութային կյանքն արտացոլող մի քանի հանրահայտ կոլեկտիվներ: Սեպտեմբերի 26-ին Ազգային Օպերայի եւ բալետի թատրոնում հանդես եկավ Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, սեպտեմբերի 27-ին եւ 28-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային թատրոնի շենքում ցուցադրվեց Թբիլիսիի Ֆաբրիկա թատրոնի «Մարիա Կալլաս» ներկայացումը (բեմադրիչ` Ռ. Ստուրուա), իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին նույն բեմահարթակում հանդես եկավ Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան Ռուսական դրամատիկական թատրոնը «Խոլստոմեր» ներկայացմամբ (բեմադրիչ` Ա. Վարսիմաշվիլի):
«Փոխադարձ այցելությամբ Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան թատրոնում հանդես եկավ Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը: Եկող տարի հյուրախաղերով Թբիլիսիում կլինեն Գ. Սունդուկյանի անվան եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնները: Շ. Ռուսթավելու անվան թատրոնը պատրաստ է ընդունել եւ անվճար տրամադրել դահլիճները»,- եզրափակեց Հ. Ղազանչյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

